Ներկայումս երեխաների գիտակցության ձևավորման գործընթացում զարգացման մեծ աճը է նկատվում՝ համեմատած նախկին սերնդի երեխաների հետ: Տեխնոլոգիական համակարգերի նվաճումները, ինչպես նաև վերջիններիս հասանելիությունը, մշակութային, սոցիալական կյանքում իրականացվող փոփոխությունները, նպաստում են երեխաների առավել արագ զարգացմանը և կյանքի ինտեգրվմանը: Այս մասին Իրավաբան. net-ին հայտնում է իրավաբանական հոգեբանության փորձագետ, Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Զարուհի Հարությունյանը:
«Կարծում եմ ժամանակն է եկել երեխաների արագ ձևավորման զարգացման այդ առաջընթացը զուգահեռել նաև օրենսդրության փոփոխման հետ, մասնավորապես ՀՀ Ընտանեկան օրենսգրքում ամրագրված է ծնողների` միմյանցից առանձին ապրելու դեպքում երեխաների բնակության վայրը որոշվում է ծնողների համաձայնությամբ։ Համաձայնության բացակայության դեպքում ծնողների միջև վեճը լուծում է դատարանը` ելնելով երեխաների շահերից և հաշվի առնելով տասը տարին լրացած երեխայի կարծիքը։ Մեկ այլ հոդվածով նշվում է ՝ հաշվի առնելով տասը տարին լրացած երեխայի կարծիքը` դատարանը կարող է մերժել ծնողների հայցի բավարարումը, եթե հանգի այն եզրակացության, որ ծնողներին վերադարձնելը չի բխում երեխայի շահերից: »,- նշում է իրավաբանը։
Դատարանը, հաշվի առնելով տասը տարին լրացած երեխայի կարծիքը, իրավունք ունի մերժելու ծնողական իրավունքների վերականգնման հայցը, եթե ծնողական իրավունքների վերականգնումը հակասում է երեխայի շահերին:
Հաշվի առնելով ներկայիս ժամանակներում երեխաների արագ ձևավորման գործընթացը` Զարուհի Հարությունյանն առաջարկում է ընտանեկան օրենսգրքում սահմանված երեխայի կարծիքը հաշվի առնելու տարիքը՝ 10, օրենսդրության մեջ համապատասխան փոփոխություն կատարելու միջոցով դարձնել 8, իսկ այն դեպքում, երբ դատավորը կասկածներ կունենա, որ 8 տարեկան երեխան չի կարող համապատասխան կարծիք արտահայտել, դատարանը կարող է նշանակել դատահոգեբանական փորձաքննություն՝ պարզելու համար երեխայի անձնային և գիտակցական աճի վերաբերյալ տեղեկություններ:
Աղբյուրը` Իրավաբան.net