Հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:
ՀՀ քաղաքացիական օրենսդրությունը սահմանում է հայցային վաղեմության ընդհանուր և հատուկ ժամկետներ:
Հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է, սակայն առանձին իրավահարաբերությունների համար օրենքով կարող են նախատեսվել հայցային վաղեմության հատուկ ժամկետներ:
«Հայցային վաղեմության հատուկ ժամկետներ են նախատեսված առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման և վիճահարույց գործարքի անվավեր ճանաչման և դրա անվավերության հետևանքների կիրառման մասին հայց ներկայացնելու համար »,-Իրավաբան.net-ի լրագրողին հայտնում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Գոհար Կոստանյանը:
Վերջինիս խոսքով` առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման համար հայց կարող է ներկայացվել դրա կատարման օրվանից տասը տարվա ընթացքում, իսկ վիճահարույց գործարքի անվավեր ճանաչման և դրա անվավերության հետևանքների կիրառման մասին հայցը կարող է ներկայացվել, եթե գործարքը կնքվել է բռնության կամ սպառնալիքի ազդեցության տակ, դրա դադարման օրվանից (313 հոդվածի 1-ին կետ) կամ այն օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, երբ հայցվորն իմացել էր կամ պարտավոր էր իմանալ գործարքն անվավեր ճանաչելու համար հիմք ծառայող հանգամանքների մասին:
Աղբյուրը`Իրավաբան.net