Ժողովրդական մի խոսք կա` «նվերը հետ չեն տալիս»: Օրենքի տեսակետն այս հարցի շուրջ այլ է:
Ցանկացած անձ ազատ է տնօրինելու իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքը, ինչը ենթադրում է, ի թիվս այլ գործարքների, նվիրատվության պայմանագրի կնքմամբ այն մեկ այլ անձի սեփականությանը հանձնելը: Կյանքում կարող են պատահել դեպքեր, երբ ուղղակի ցանկալի չլինի ինչ-որ մեկի նվերի ընդունումը: Ինչ անել:
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 597 հոդվածի` նվիրառուն իրավունք ունի մինչև նվերն իրեն հանձնելը ցանկացած պահի հրաժարվել դրանից: Այդ դեպքում նվիրատվության պայմանագիրը համարվում է լուծված:
Նվերն ընդունելուց հրաժարվելը պետք է կատարվի նվիրատվության պայմանագրի համար սահմանված ձևով: Այն դեպքում, երբ նվիրատվության պայմանագրով սեփականության իրավունքի փոխանցումը գրանցված է, նվերն ընդունելուց հրաժարվելը նույնպես ենթակա է պետական գրանցման:
Նվիրատուն իրավունք ունի նվիրառուից պահանջել հատուցելու նվերն ընդունելուց հրաժարվելու հետևանքով իրեն պատճառված իրական վնասը:
Աղբյուրը` Իրավաբան.net