Սահմանադրական դատարանի նոր որոշումը

ՀՀ Սահմանադրական դատարանն այսօր նոր որոշում է ընդունել՝ հակասահմանադրական ճանաչելով Քաղաքացիական դատավարության օրենսգրքի երկու դրույթներ:

Այսպես այսօր դատարանը երկու քաղաքացիների դիմումի հիման վրա դռնբաց նիստում քննել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 223-րդ հոդվածի 3-րդ մասի և 231-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի՝ ՀՀ Սահմանադրության համապատասխանության հարցը:

Դատարանը օրենսգրքի 223-րդ հոդվածի 3-րդ մասը ճանաչել է ՀՀ Սամանադրության 14.1-րդ հոդվածի, 18-րդ հոդվածի 1-ին մասի, 19-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր՝ նկատի ունենալով, որ առկա իրավակարգավորումների պայմաններում սոցիալական անհամաչափ ծանրաբեռնվածություն է առաջանում անձանց համար՝ կախված նրանց ֆինանսական հնարավորություններից, չապահովելով նաև անձի արդար դատաքննության, դատական պաշտպանության արդյունավետ միջոցի և դատարանի մատչելիության իրավունքների լիարժեք իրացումը:

Հակասող և անվավեր է ճանաչվել նաև քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ հոդվածի 4-րդ մասը՝ վճռաբեկ բողոքը ստորագրելու պահին փաստաբան չունեցող և օրենքով սահմանված կարգով անվճար իրավաբանական օգնություն ցույց տալու հնարավորություն չստացած՝ գործին մասնակցող անձանց մասով:

Դատարանը այս որոշման հիմքում դրել է այն պնդումը, որ տվյալ դրույթի կիրառումը առկա իրավակարգավորումների պայմաններում բացառում է նշված անձանց կողմից իրենց օրինական շահերը ներկայացնելու համատեքստում վճռաբեկ բողոք ներկայացնելու հնարավորությունը:

ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչվել օրենսգրքի 231-րդ հոդվածի 5-րդ մասին առաջին նախադասությամբ ամրագրված հետևյալ դրույթը՝ «Վճռաբեկ բողոքին կցվում են նաև… վճռաբեկ բողոքի էլեկտրոնային կրիչը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել