Այսօր ոստիկանության Վաղարշապատի անձնագրային բաժանմունքի նախաձեռնությամբ, բաժանմունքի պետ Անդրանիկ Ադամյանը հանդիսավոր պայմաններում ՀՀ քաղաքացու անձնագիր հանձնեց Մարշալ Բաղրամյան գյուղի ամենատարեց բնակչին` 104-ամյա Մովսես Դերմիշյանին: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը:
Մովսես պապիկը երկու համաշխարհային պատերազմ ու ցեղասպանություն է տեսել: 1908թ ծնվել է Արևմտյան Հայաստանում, այնուհետև ընտանիքով գաղթել են Արևելյան Հայաստան:
Մարշալ Բաղրամյանի անունը կրող գյուղի առաջին բնակիչներից ու հիմնադիրներից է, գյուղի առաջին հողագործն ու շինարարը: Համագյուղացիները պատմում են, որ գյուղում առաջին խաղող պատվաստողը Մովսես պապն է եղել: Իսկ ինքը այսօրվա պես հիշում է, թե ինչպիսի դժվարությամբ, ստալինյան տարիներին և Մարշալ Բաղրամյանի կենդանության օրոք անվանակոչեցին գյուղը: