Ավտոտրանսպորտային միջոց վարող յուրաքանչյուր անձ կյանքում երբեմն օգտվում է ավտոկայանատեղից: Սակայն նրանցից շատ քչերին է հայտնի ավտոկայանատեղի համար սահմանաված կայանատեղի վճարները և դրա չվճարելու համար սահմանված տուգանքերի չափերը:
«Ավտոկայանատեղի տուրքը գանձվում է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցները կամ դրանց կցորդներն ավտոկայանատեղում կայանելու համար: Եթե ավտոտրանսպորտային միջոցի վարորդը չի վճարում ավտոկայանատեղի տուրքը, ապա այդ գումարը գանձվում է ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջից, իսկ եթե ավտոտրանսպորտային միջոցը պետական կամ համայնքային սեփականություն է` ապա այն անձից, որին ամրակցված է ավտոտրանսպորտային միջոցը» – նշում է ՇՊԱԿ-ների ազգային ցանցի զարգացում ծրագրի փաստաբան Կարեն Հովհաննիսյանը:
Ավտոկայանատեղի տուրքերի դրույքաչափերը սահմանում է համայնքի ավագանին` համայնքի ղեկավարի ներկայացմամբ` համայնքի տարեկան բյուջեն հաստատելուց առաջ` հետևյալ դրույքաչափերի սահմաններում.
1. յուրաքանչյուր մեկ ժամվա համար` մինչև 300 դրամ ներառյալ
2. յուրաքանչյուր մեկ օրվա համար` մինչև 2500 դրամ ներառյալ
3. մեկ շաբաթվա համար` մինչև 5000 դրամ ներառյալ
4. մեկ ամսվա համար` մինչև 25000 դրամ ներառյալ
5. մեկ տարվա համար` մինչև 100000 դրամ ներառյալ:
Ավտոկայանատեղի տուրքերի դրույքաչափերը կարող են սահմանվել ըստ կայանատեղի, ըստ տրանսպորտային միջոցի տեսակի, ըստ օրերի և օրվա ժամերի, ըստ ամսվա և տարվա:
«Այն ավտոկայանատեղը, որի համար նախատեսվում է տուրքի գանձում, պետք է առանձնացված լինի ցուցանակներով և կարմիր գույնի գետնանշումով: Ավտոկայանատեղում պետք է փակցված լինի համապատասխան ցուցանակ` վճարովի ավտոկայանատեղի, դրա տարածքի, ավտոկայանատեղի համար տուրքի վճարման պարտականության չափի, պայմանների և պատասխանատվության մասին հայերեն պարզ և ընթեռնելի նշումներով» – նշում է փաստաբան Կարեն Հովհաննիսյանը:
Եթե ավտոտրանսպորտային միջոցն առանց համապատասխան տուրքի վճարման ավտոկայանատեղում կայանել է 48 ժամից ավելի, ապա ավտոկայանատեղի կազմակերպիչն իրավունք ունի տվյալ ավտոտրանսպորտային միջոցն իր ուժերով տեղափոխելու դրա համար նախատեսված հատուկ տարածք, սակայն այդ դեպքում վերջինիս վրա է ընկնում ավտոտրանսպորտային միջոցն անվնաս տեղափոխելու պատասխանատվությունը:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1247-րդ հոդվածի համաձայն` ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը համայնքային վճարովի ավտոկայանատեղում կայանելու համար տեղական տուրքը չվճարելը առաջացնում է տուգանքի նշանակում 5.000 ՀՀ դրամի չափով:
Աղբյուրը` Իրավաբան.net