Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Գոհար Կոստանյանի խոսքով` Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը: Այն դեպքերում, երբ մեկ այլ անձի պարտավորությունների կատարման համար դատարանի կողմից սխալմամբ արգելանք է դրվում այլ անձին սեփականության իրավունքով պատկանող գույքի վրա, ապա վերջինս կարող է գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցով դիմել դատարան:
Համաձայն «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 45 հոդվածի` արգելանքի տակ գտնվող գույքի պատկանելության վերաբերյալ վեճ ծագելու դեպքում, շահագրգիռ անձն իրավունք ունի գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցով դիմել գույքի գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան: Գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցը կարող է ներկայացնել ինչպես այդ գույքի սեփականատերը, այնպես էլ դրա օրինական տիրապետողը:
Իրավաբանի փոխանցմամբ` գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցով որպես պատասխանող պետք է ներգրավել պարտապանին և (կամ) պահանջատիրոջը: Եթե գույքի վրա արգելանք է դրվել դատավճռով գույքը բռնագրավելու կապակցությամբ, ապա որպես պատասխանող ներգրավվում են դատապարտյալը և համապատասխան ֆինանսական մարմինը:
Մեկ կարևոր հանգամանք ևս, ի տարբերություն այլ հայցապահանջների` գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցապահանջներով դատական նիստը պետք է նշանակվի ոչ ուշ, քան հայցը դատարան մուտք լինելու օրվանից մեկամսյա ժամկետում:
Աղբյուրը` Իրավաբան.net