ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն` կասկածյալը կամ մեղադրյալը կարող է հրաժարվել պաշտպանից: Պաշտպան է այն փաստաբանը, որը քրեական գործով վարույթի ընթացքում ներկայացնում է կասկածյալի կամ մեղադրյալի օրինական շահերը և նրանց ցույց է տալիս իրավաբանական օգնություն` օրենքով չարգելված բոլոր միջոցներով:
«Պաշտպանից հրաժարվելը նշանակում է կասկածյալի կամ մեղադրյալի մտադրությունը` իր պաշտպանությունն իրականացնել առանց որևէ պաշտպանի իրավաբանական օգնության,- Իրավաբան.net-ին հայտնում է Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Սերինե Խաչատրյանն ու հավելում,-Պաշտպանից հրաժարվելու մասին կասկածյալի կամ մեղադրյալի հայտարարությունն արտացոլվում է արձանագրության մեջ»:
Պաշտպանից հրաժարվելը քրեական վարույթն իրականացնող մարմինն ընդունում է միայն այն դեպքում, եթե կասկածյալի կամ մեղադրյալի կողմից այդ մասին հայտարարվել է սեփական նախաձեռնությամբ, կամավոր և այն պաշտպանի ներկայությամբ, որը կարող էր նշանակվել կամ նշանակված է պաշտպան: Չի ընդունվում պաշտպանից հրաժարումը, եթե այն հարկադրված է իրավաբանական օգնության վճարման համար միջոցների բացակայությամբ: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 69 հոդվածի առաջին մասի 2-5-րդ և 8-րդ կետերով նախատեսված դեպքերում քրեական վարույթն իրականացնող մարմինն իրավունք ունի չընդունել պաշտպանից կասկածյալի կամ մեղադրյալի հրաժարվելը և նշանակել պաշտպան կամ պահպանել նշանակված պաշտպանի լիազորությունները:
Իրավաբանի փոխանցմամբ` պաշտպանից հրաժարվելու պահից կասկածյալը և մեղադրյալը համարվում են իրենց պաշտպանությունն ինքնուրույն իրականացնող, որը տվյալ դեպքում իրավունքներից չի զրկում քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից հետագայում նշանակված կամ քրեական գործով վարույթին մասնակցելուց չազատված պաշտպանին թույլատրել մասնակցելու վարույթին:
Պաշտպանից հրաժարված կասկածյալը կամ մեղադրյալն իրավունք ունի քրեական գործով վարույթի ցանկացած պահի փոխել իր դիրքորոշումն այդ առիթով: Տվյալ դեպքում, նոր պաշտպանի մասնակցությունը հիմք չէ գործի վարույթը վերսկսելու համար:
Աղբյուրը՝ Իրավաբան.net