Վերջին մի քանի ամիսների ընթացքում Պաշտպանի աշխատակազմի Տավուշի մարզային գրասենյակը Իջևան քաղաքի բնակիչների կողմից ստացել է բազմաթիվ բողոքներ «Իջևանի բնակարանային տնտեսություն» ՓԲԸ-ի նկատմամբ ունեցած զգալի չափերի հասնող պարտքերի վերաբերյալ։ Բազմաթիվ բնակիչներ ստացել են ՀՀ արդարադատության նախարարության ձևաթղթով ծանուցագրեր` ընկերության նկատմամբ բնակարանների մեկ քառակուսի մետր տարածքի սպասարկման վճարների պարտքերի վերաբերյալ, որոնց առաջացման մասին չեն տրվել հավելյալ տվյալներ և պարզաբանումներ:
ՄԻՊ-ի գրասենյակից Իրավաբան. net-ին հայտնում են, որ կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ ներկայացված պարտքի գումարներն առաջացել են Իջևան համայնքի ավագանու ամենամյա ընդունած «Տեղական տուրքեր և վճարներ սահմանելու մասին» որոշման ոչ օրինաչափ պահանջներից։ Պաշտպանի կողմից ՀՀ արդարադատության նախարարին առաջարկ է ներկայացվել ուսումնասիրել «Տեղական տուրքեր և վճարներ սահմանելու մասին» որոշման օրինաչափության խնդիրը, և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտմամբ ընդունված, հրապարակված կամ կիրառվող իրավական ակտեր հայտնաբերելու դեպքում ձեռնարկել համապատասխան միջոցառումներ:
Պաշտպանի գրությանն ի պատասխան ՀՀ արդարադատության նախարությունից հայտնել են, որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ և 91-րդ հոդվածներով սահմանված պահանջներին համապատասխան ՀՀ արդարադատության նախարարության կողմից Իջևանի համայնքի ղեկավարին առաջարկվել է վերացնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի խախտումները:
Աղբյուրը` Իրավաբան.net