Եթե անձը հիմքեր ունի երկյուղելու, որ անհրաժեշտ ապացույցներ ներկայացնելը կարող է անհնարին կամ դժվարին դառնալ, իրավունք ունեն գործն իր վարույթն ընդունած դատարանին միջնորդություն ներկայացնել այդ ապացույցների ապահովման վերաբերյալ: Այս մասին Իրավաբան.net-ի լրագրողի հետ զրույցում հայտնեց իրավաբան Սերինե Խաչատրյանը:
Իրավաբանի փոխանցմամբ` ապացույցների ապահովման մասին միջնորդության մեջ պետք է նշվեն ապահովման կարիք ունեցող ապացույցները, այն հանգամանքները, որոնց հաստատման համար դրանք անհրաժեշտ են, և պատճառները, որոնք հիմք են ծառայել դրանք ապահովելու միջնորդությամբ դիմելու համար:
Միջնորդության քննարկման արդյունքներով դատարանը կայացնում է որոշում:
«Ապացույցների ապահովման մասին որոշումը կատարվում է անհապաղ` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` պետական, ծառայողական, առևտրային, բանկային և այլ գաղտնիքների մասին օրենսդրության պահանջների պահպանմամբ»,-նշում է Սերինե Խաչատրյանը:
Ապացույցի ապահովման մասին որոշումը կատարելուց հետո դատարանն այդ մասին անհապաղ տեղեկացնում է դատավարության այն մասնակցին, որին պատկանող ապացույցի նկատմամբ որոշում է ընդունվել, եթե վերջինս նախապես տեղյակ չի եղել այդ որոշմանը:
Նախքան դատարանում գործ հարուցվելը ապացույցների ապահովումը կատարում է նաև նոտարը` Քաղաքացիական դատավարության օրենսգրքով և «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով:
Աղբյուրը` Իրավաբան.net