Ի˚նչ կարելի է տեղափոխել մաքսային սահմանով` առանց մաքսատուրք վճարելու

Ֆիզիկական անձինք կարող են առանց մաքսատուրք վճարելու որպես ուղեկցող բեռ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխել ապրանքներ, որոնց ներմուծման համար մաքսատուրքի դրույքաչափը սահմանված չէ 0 տոկոս և որոնց ընդհանուր քաշը չի գերազանցում 50 կիլոգրամը, իսկ ընդհանուր մաքսային արժեքը` 150 հազ. դրամը:

Ֆիզիկական անձինք կարող են մաքսային սահմանով առանց մաքսատուրք վճարելու տեղափոխել միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով փոխադրվող ապրանքներ, որոնց ընդհանուր քաշը չի գերազանցում 20 կիլոգրամը, իսկ ընդհանուր մաքսային արժեքը` 150 հազ. դրամը:

Անձը նշված արտոնություններից 180 օրվա ընթացքում կարող է օգտվել մեկ անգամ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների հիման վրա ստեղծվող սահմանամերձ առևտրի շուկաների, երբ նույն անձը վերոնշյալ 1-ին արտոնությունից մեկ ամսվա ընթացքում կարող է օգտվել մեկ անգամ:

Նշենք, որ ուղեկցող բեռ է համարվում ֆիզիկական անձանց հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատող, ինչպես նաև ֆիզիկական անձից անկախ պատճառներով ուշացած կամ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատելու պահին կորսված կամ սխալմամբ այլ տեղ ուղարկված ուղեբեռը:

Ֆիզիկական անձինք կարող են առանց մաքսատուրքի վճարման Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխել իրենց վրա կրվող կամ ուղեբեռում գտնվող անձնական օգտագործման իրերը: Այդպիսիք են այն ապրանքները, որոնք`

ա) չունեն գործարանային փաթեթավորում, պիտակավորում և գտնվում են ուղեկցվող ուղեբեռում.

բ) ֆիզիկական անձինք կրում են իրենց վրա Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատելու պահին, բացառությամբ որոշ ապրանքատեսակների:

Օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետները և Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայությանը կից գործող ռազմական, առևտրական և այլ կցորդները, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու այլ երկրների թեմերում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից հոգևոր ծառայության նշանակված քաղաքացիները ծառայության ավարտից հետո առանց մաքսատուրքի վճարման կարող են ներմուծել իրենց անձնական օգտագործման գույքը:

Հայաստանի Հանրապետության ֆիզիկական անձինք կարող են առանց մաքսատուրքի վճարման Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխել իրենց ժառանգական գույքը` մաքսային մարմիններին ժառանգության մասին համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու դեպքում:

 Աղբյուրը՝ Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել