ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է քաղաքացի Ա. Վարդանյանի կողմից որպես ՊԵԿ աշխատակից ներկայանալու եւ այդկերպ խարդախությամբ խաշար գումարներ հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
Նախաքննությամբ պարզվել է, որ քաղաքացի Ա. Վարդանյանը գումարներ հափշտակելու դիտավորությամբ, խաբեությամբ ներկայանալով որպես ՊԵԿ աշխատակից, 2012թ. հունվար ամսից մինչեւ հունիսի 29-ն ընկած ժամանակահատվածում 9 տարբեր անձանցից վերցրել է գումարներ` մեկ-երկու ժամից կամ մի քանի օրից վերադարձնելու պատրվակով, եւ խաբեությամբ վերցրած խոշոր չափերի գումարները հափշտակել:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա. Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Քրեական գործն ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ տեղեկացնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net