Ձերբակալված անձին չի կարելի պահել 72 ժամից ավելի

Կասկածյալն այն անձն է, ով ձերբակալվել է հանցանք կատարելու մեջ կասկածվելու պատճառով կամ ում նկատմամբ մինչև մեղադրանք առաջադրելը խափանման միջոց ընտրելու մասին որոշում է կայացվել: Այս մասին Իրավաբան.net-ի լրագրողին հայտնում է Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Սերինե Խաչատրյանը:

«Քրեական հետապնդման մարմինն իրավունք չունի կասկածյալի վիճակում ձերբակալվածին պահել 72 ժամից ավելի, իսկ անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոց կիրառելիս ոչ ավելի, քան 7 օր` խափանման միջոց ընտրելու մասին որոշումը նրան հայտարարելու պահից»,-ասում է իրավաբանը:

Վերջինիս փոխանցմամբ` նշված ժամկետները լրանալիս քրեական հետապնդման մարմինը պարտավոր է կասկածյալին ազատել արգելանքից, կամ վերացնել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը, կամ որոշում ընդունել նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

«Կասկածը համարելով չհիմնավորված` քրեական հետապնդման մարմինը և դատարանը պարտավոր են կասկածյալին ազատել արգելանքից կամ վերացնել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը` նախքան սահմանված ժամկետների լրանալը»,-նշում է Սերինե Խաչատրյանը:

Տեղեկացնենք, որ անձը դադարում է կասկածյալ լինելուց նրան արգելանքից ազատելու, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու կամ նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին քրեական հետապնդման մարմնի կողմից որոշում ընդունելու պահից:

Աղբյուր` Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել