Երեք դեպք, երբ ՃՈ տեսուչը վարորդին կտուգանի 100 հազար դրամով

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 123.5 հոդվածի 4-րդ մասով նախատեսվում է 100 հազար դրամ տուգանք, եթե քաղաքացին տրանսպորտային միջոցը վարում է առանց հաշվառման համարանիշի, կեղծված կամ փոխարինված հաշվառման համարանիշով: Նույն հոդվածի 5-րդ մասով տրանսպորտային միջոցը տնօրինողը հաշվառման համարանիշն այլ անձի տրամադրած վարորդը կրկին կտուգանվի 100 հազար դրամով:

100 հազար դրամի տուգանք է նախատեսված, երբ վարորդը երթևեկության սահմանված արագությունը 31-50 կմ/ժ-ով գերազանցի: Այս դրամական չափի տուգանքը կիրառվում է նաև տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելու դեպքում, եթե վարորդը միայն ալկոհոլի ազդեցության տակ է:

Իսկ օրենսգրքի 129.2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առանց տվյալ տրանսպորտային միջոցի համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր ունենալու` ՀՀ տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով տրանսպորտային միջոցը վարելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի, այսինքն՝ հարյուր հազար դրամի չափով:

ՃՈ-ից մինչ այս հայտնել են, որ ծառայությունը հագեցված է այնպիսի տեխնիկական հնարավորություններով, որոնք հնարավորություն են տալիս ավտոմատ եղանակով հայտնաբերել այն տրանսպորտային միջոցները, որոնք վարվում են՝ չունենալով ԱՊՊԱ գործող պայմանագիր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել