Խաղամոլությունը կարելի է բնութագրել որպես մի չարիք, որը մարդուն կախվածության մեջ է գցում խաղերի նկատմամբ, էապես ազդում է անձի եկամուտների վրա և դրանով իսկ վերջինիս ընտանիքի անդամներին դնում է նյութական ծանր դրության մեջ` այն հաշվով, որ նրանց զրկում է հասանելիք դրամական միջոցներից, կամ դրանց զգալի մասից: Այս մասին iravaban.net-ին հայտնում է «ՇՊԱԿ-ների ազգային ցանցի զարգացում» ծրագրի փաստաբան Կարեն Հովհաննիսյանը:
«Այսինքն, խաղամոլությունը, ազդելով խաղամոլի նյութական վիճակի վրա, անուղղակիորեն ազդում է նաև նրա ընտանիքի անդամների բարեկեցության վրա, քանի որ զրկում է նրանց ապրուտի միջոցներից: Այդ իսկ պատճառով ՀՀ օրենսդրությունը նախատեսել է սահմանափակ գործունակության ինստիտուտը, որպես հակազդում այդ իրավիճակների»,- իր խոսքում նշում է փաստաբան Հովհաննիսյանը:
Նրա փոխանցմամբ` ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 32-րդ հոդվածը սահմանում է, որ եթե անձը ոգելից խմիչքի կամ թմրամիջոցների չարաշահման, ինչպես նաև մոլեխաղերով հրապուրվելու հետևանքով իր ընտանիքը դրել է նյութական ծանր դրության մեջ, ապա նրա գործունակությունը կարող է դատարանով սահմանափակվել` նրա ընտանիքի անդամի կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի դիմումի հիման վրա: Անձը իր դիմումում պետք է հիմնավորի ոչ միայն նշված 3 հիմքերից մեկի կամ մի քանիսի առկայությունը` արբեցողությամբ զբաղվելը, թմրամոլ լինելը, խաղամոլ լինելը, այլ նաև դրա առկայության պայմաններում նշված քաղաքացու կողմից իր ընտանիքը նյութական ծանր կացության մեջ գցելու հանգամանքը:
Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո խնամակալության և հոգաբարձության մարմինը նշանակում է հոգաբարձու:
Աղբյուրը` Իրավաբան.net