«Հրապարակը» գրում է. «Նյութը տպագրելիս մենք գիտակցում էինք, թե ինչ աղմուկ է բարձրանալու, եւ ինչ մեղադրանքներ են հնչելու մեր հասցեին: Ասեմ, որ այդ ընթացքում մեզ համար որոշ բացահայտումներ էլ արեցինք, բայց դա ուրիշ խոսակցության թեմա է: Սակայն ամենակարեւոր խնդիրը, որ դրել էինք մեր առաջ՝ Վանո Սիրադեղյանի մասին ճշգրիտ ինֆորմացիա ստանալն էր, եւ եթե ավելի անկեղծ լինեմ՝ ստիպելը, որ նա խոսի, ձայն հանի՝ հերքելով կամ հաստատելով ինչպես իր գոյությունը, այնպես էլ հայտնելով իր տեսակետն ու մտադրությունները, իր կյանքի ու վերադարձի մասին դիրքորոշումը: Այնպես որ, երբ նյութը տպագրելուց օրեր անց ստացանք նրա ձեռքով գրված նամակը, ոչ միայն ուրախացանք, այլեւ թեթեւացած շունչ քաշեցինք: Սա այն եզակի դեպքերից էր, երբ մեր տպագրած տեղեկության հերքված լինելը միայն ու միայն ուրախություն էր պարգեւում:
Նամակը լիքը մտորումների, տխրելու, վերլուծության տեղիք տվեց, եւ այն իսկական մտավորականի, գրողի խոսք է՝ ուղղված ոչ միայն «Հրապարակի» խմբագրին, այլեւ ողջ հայ ժողովրդին, ուստի, չնայած գրության մասնավոր բնույթին, նպատակահարմար գտանք այն հրապարակել: Հուսով ենք, որ որքան էլ հիասթափված ու դառնացած, որքան էլ վտարանդի ու հայրենիքից խռոված, Վանո Սիրադեղյանն, այնուամենայնիվ, հետեւում է հայաստանյան իրադարձություններին ու մամուլին եւ կարդալու է նաեւ այս հոդվածը:
Ուստի ուզում եմ այժմ, որպես նամակի հասցեատեր, գրել՝ ես անկեղծորեն ցավում եմ այն ճակատագրի համար, որ բաժին հասավ մեր տաղանդավոր ժամանակակիցներից մեկին: Ես հուսով եմ, որ այն դառնությունները, որ նա ապրեց, եւ չգիտեմ, թե դեռ որքան է ապրելու, մի օր վերջ են ունենալու, եւ նա վերադառնալու է հայրենիք՝ ոչ թե «այնպես», այլ ողջ եւ առողջ, առույգ, աշխատելու-ստեղծագործելու, ապրելու, հաղորդակցվելու ունակ: Երբ քեզ սպասում են՝ վերադարձը դառնում է հնարավոր, հեշտ ու հաճելի: Իսկ որ Վանո Սիրադեղյանին սպասողներ կան, կասկածից վեր է»:
Թերթը նաեւ տպագրել է Վանո Սիրադեղյանի նամակը Արմինե Օհանյանին` թվագրված օգոստոսի 7-ով:
«Տիկին գլխավոր խմբագիր, հավատալ չեմ ուզում, թե դու այնքան վատ ես մտածում իմ մասին, որ կասկածես իմ ունակությանը՝ այս ընթացքում գտած ունենալ մի պարզ հնարք, ինչը թույլ է տալիս իսկույնեւեթ իմաց տալ մերձավորներիս, եթե մի բան պատահի:
Հասկանում եմ, որ թերթը իր շահը, իր գայթակղությունը ունի, բայց դու ինձ ստիպեցիր խախտել լռությունս (5 տարվա, ոչ թե 2, ինչպես թերթն է գրում) միակ, ամենածայրահեղ միջոցով: Այնպես որ, նամակիս կշտամբանքը քեզ՝ ինձ թերագնահատելու համար, պարզաբանումը՝ իմ մերձավորներին: Առհասարակ, ձգտում եմ ինքս ինձ առավելագույնս մեկուսացնել Հայաստանի անցուդարձից: Հատկապես՝ քաղաքական կոչվածից: Հատկապես՝ վերջին տարիներս: Այն աստիճան, որ այս տասներկուսուկես տարիներին թեկուզեւ 1 րոպե հայաստանյան հեռուստաալիք չեմ նայել, եթե չհաշվենք այն հազվադեպ ակնթարթները, երբ ալիք փոխելիս անզգուշաբար դիպչում եմ հայերենին ու այսահարվածի նման վրայով թռչում: Եթե անգամ գումարենք այդ ակնթարթները, հավատա, որ 12 տարվա մեջ 2 րոպե չի կազմի: Նեղանալու բան չի, նույն հիգիենիկ նկատառումներով չեմ նայում նաեւ ռուսական ալիքները: Երեւի դրա շնորհիվ է, որ այսքան «երկարակյաց» եմ:
Առիթ է, ասեմ ստորագրահավաքի մասին: Առաջին մղումով տեքստ գրեցի՝ «Դադարեցրեք դա՛» վերնագրով, բայց առավոտյան ճղեցի թուղթը՝ հասկանալով, որ նման արձագանքը ոչ միայն արդար չէ մերձավորներիս նկատմամբ, այլեւ կոպիտ ու անշնորհակալ կեցվածք է թեկուզեւ 1 ստորագրողի հանդեպ: Եվ որ ինձ համար այդ միջոցառման նվաստացուցիչ լինելու հանգամանքը այլեւս չորրորդական նշանակություն ունի:
Ինչ եմ մտածում վերադարձի մասի՞ն: 8 տարի առաջ մի՛ բան էի մտածում, հիմա՝ պարզապես չեմ մտածում:
Այսպես թե այնպես ես կվերադառնամ Հայաստան, բայց հույս ունեմ՝ այնպես, որ չտեսնեմ քաղաքական, սոցիալական, բարոյական այն ավերածությունները, որոնց ենթարկվել է մեր երկիրը իմ բացակայության ընթացքում:
Չես հավատա, բայց ասեմ, որ այդ դեպքի համար էլ՝ հոգացել եմ, որ «շփումս» Երեւանի հետ հասցվի նվազագույնի»:
Տեղեկացնենք, որ ինտերպոլի հայկական տվյալների բազայում միջազգային հետախուզվողների մեջ Վանո Սիրադեղյանի անունը 9-րդն է։ Նրա մասին նշված է, որ 65 տարեկան է, հասակը՝ 1 մետր 76 սմ, ծնված՝ Նոյեմբերյանի Կոթի գյուղում, մազերը՝ մուգ գույնի։
Հետախուզվում է հանցագործությունների կազմակերպման, կյանքին ու առողջությանը վտանգ հասցնելու, զենք-զինամթերք օգտագործելու, առեւանգման եւ այլ հանցագործությունների համար։ Վանո Սիրադեղյանի նկատմամբ միջազգային քրեական հետախուզման դիմումը Ինտերպոլին ներկայացրել է ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժանմունքը։
Ավելի վաղ Հայաստանի ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը լրագրողներին հայտնել էր, որ Վանո Սիրադեղյանի նկատմամբ հայտարարված է միջազգային հետախուզում, և եթե նա հայտնվի Հայաստանում, ապա նա անմիջապես կձերբակալվի ու կվերցվի կալանքի տակ: