Կառավարության ամսի 21-ի նիստին կքննարկվի ՀՀ ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Վահե Էնֆիաջյանի, Վահան Բաբայանի և Արմեն Ավետիսյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Երևան քաղաքից 120 կմ և ավելի հեռավորության վրա գտնվող համայնքներում իրականացվող արտադրական գործունեությանը հարկային արտոնություններ տրամադրելու մասին», «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:
Առաջարկվում է Երևան քաղաքից 120 կմ և ավելի հեռավորության վրա գտնվող համայնքներում արտադրական գործունեության կազմակերպման արդյունքում ստացված արտադրանքի`
ա. իրացումից ստացված եկամուտների նկատմամբ շրջանառության հարկը հաշվարկել 2 տոկոս դրույքաչափով.
բ. իրացումից ստացման ենթակա եկամուտները ազատել շահութահարկից և եկամտային հարկից,
1) «Երևան քաղաքից 120 կմ և ավելի հեռավորության վրա գտնվող համայնքներում իրականացվող արտադրական գործունեությանը հարկային արտոնություններ տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացվող արտադրական գործունեության մասով աշխատողներին վճարվող աշխատավարձից և դրան հավասարեցված եկամուտներից եկամտային հարկը հաշվարկել 15 տոկոս դրույքաչափով,
2) շահութահարկով հարկման առումով «Երևան քաղաքից 120 կմ և ավելի հեռավորության վրա գտնվող համայնքներում իրականացվող արտադրական գործունեությանը հարկային արտոնություններ տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով սեփական արտադրանքի իրացումից ստացվող եկամուտները համարել ծախս չհամարվող տարրեր:
Ընդ որում, նախագծերի փաթեթի հիմնավորման համաձայն, նախագծերի փաթեթով ներկայացված արտոնությունների սահմանման նպատակը համայնքներում գործարար և ներդրումային միջավայրի բարելավումն է, քանի որ առկա մի շարք խնդիրների պատճառով, այդ թվում՝ հարկային բեռի, համայնքներում ներդրումների ներգրավման առումով դժվարություններ կան:
Նախագծում, որը ներկայացված է հաստատման գործադիրի՝ ամսի 21-ի նիստին, կառավարությունը դեմ է արտահայտվել ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի ընդունմանը: