«Մտածում են՝ ավելի լավ է այս ճահճի մեջ չմտնենք». փաստաբանը՝ ցմահների գործերի մասին

Ցմահների գործերը հանդիսանում են փորձաքար երկրի արդարադատության համակարգը գնահատելու համար, նշում է փաստաբան Ռոբերտ Ռևազյանը՝ հավելելով. «Այսպիսի գործերով մենք կարող ենք դատողություն անել, թե տվյալ երկրում արդարադատության համակարգը որքանով է կայացած ու որքանով է պաշտպանվում մարդու իրավունքները, անձի իրավունքները, սա ցույց է տալիս, որ մենք այդ ոլորտում շատ ենք կաղում, ռեալ փաստեր լինում են, որ գործով անարդարացի քննություն չի եղել, որ դատապարտված անձը ճիշտ էր ասում, բայց պատի ենք բախվում»:

Ըստ փաստաբանի ներկայիս արդարադատական համակարգը թույլ չի տալիս անգամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց գործերով թեկուզ վարույթ հարուցել նոր երևան եկած հանգամանքներով. «Էլ չեմ ասում, որ ընդհանրապես գործը վերաբացվի: Ուղղակի խուսափում են, որովհետև դա իր հետ բերելու է շատ հարցեր, եթե ինքը չէ, ապա ուր են իրական մեղավորները, պաշտոնատար անձի պատասխանատվության հարց է գալիս, վերջապես 10-15 տարի հետո գործի նոր քննության հարց է առաջ քաշվելու՝ որտեղի՞ց գտնել անձանց և այլն: Սա շղթա է, որ նրանք մտածում են, որ ավելի լավ է այս ճահճի մեջ չմտնենք, ավելի լավ է հեռու մնանք»,- շեշտեց փաստաբանը:

Պատմական ակնարկ անցկացնելով նա հիշեց, որ մինչև 2003թ. ընդունված Քրեական օրենսգիրքը ցմահ ազատազրկում չէր նախատեսում, առավելագույն պատիժը մահապատիժն էր, Քրեական նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելով հանրապետության նախագահը ներում շնորհեց 42 մահապատժի դատապարտված անձանց՝ նույն հրամանագրով պատիժը սահմանելով որպես ցմահ ազատազրկում. «Եթե դիտենք այն տեսակետից, որ ցմահ ազատազրկումն ավելի մեղմ էր քան, մահապատժի, այո մեղմացում կար, բայց այստեղ այլ հանգամանքը կար, նախ եթե հանրապետության նախագահը ներում է շնորհում, այլևս չէր կարող պատիժ նշանակել, դա դատարանի բացառիկ իրավասությունն է, մյուսը՝ հին քրեական օրենսգրքով ասվում էր, որ եթե մահապատժի դատապարտված անձին ներում ես շնորհում կարող է նշանակվել ազատազրկում որոշակի ժամկետով, նաև 15 տարուց ավելի, բայց չգերազանցի 20 տարին, իսկ այս դեպքում այս դեպքում ավելի խիստ պատիժ սահմանվեց նշյալ անձանց համար, մենք իրավաբանության մեջ՝ քրեական իրավունքում ունենք այն սկզբունքը, որ խստացնող օրենքը հետադարձ ուժ չունի, այս դեպքում այդ օրենքին տրվեց հետադարձ ուժ: Սա էլ էր խախտումով»,- եզրահանգեց մեր զրուցակիցը:

Նշենք, որ ներկայումս Հայաստանի բանտերում կան շուրջ 104 ցմահ ազատազրկվածներ:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել