Յուրաքանչյուրս էլ ցանկանում ենք ունենալ երկար և առողջ կյանք: Ծխախոտի օգտագործումը, սակայն, զգալիորեն նվազեցնում է նման կյանք ունենալու մեր հնարավորությունները: Անվիճելի փաստ է, որ ծխախոտի օգտագործումը վնասում է ոչ միայն այն օգտագործողի, այլև վերջինիս շրջապատող մարդկանց, այսպես կոչված, «պասիվ ծխողների» առողջությունը, աղտոտում է միջավայրը և ավելացնում մահացությունները:
Տարեկան մոտ 650 000 եվրոպացի է մահանում ծխախոտի օգտագործումից, որն ավելին է, քան Մալթայի և Լյուքսեմբուրգի բնակչությունը, ինչպես նաև 19 000 «պասիվ ծխողներ»/ second-hand smoke/` տանը կամ աշխատավայրում ծխողների շրջապատում գտնվելով:
Դեռևս 1980-ական թվականներից Եվրոպական Միությունը օրենսդրական նախաձեռնություններ է առաջ քաշել` նվազեցնելու համար ծխախոտի օգտագործումը բնակչության շրջանում: Նպատակը մեկ է եղել. ապահովել համապատասխան ստանդարտների պահպանումը ծխախոտի արտադրության ոլորտում և նպաստել բնակչության տեղեկացվածության մեծացմանը: Այսօր ԵՄ տարածքում այս քաղաքականությունն իրականացվում է երկու` Ծխախոտի արտադրության և Գովազդի վերաբերյալ դիրեկտիվներով:
«ՀՀ օրենսդրությամբ ևս սահմանափակումներ են նախատեսված այս ոլորտում, մասնավորապես «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` ծխախոտային արտադատեսակների վաճառքն արգելվում է 18 տարին չլրացած անձանց, 18 տարին չլրացած անձանց կողմից, բաց տուփերով կամ հատով, առանց վաճառողի անմիջական մասնակցության, առողջական, կրթական, մանկական, դաստիարակչական հաստատություններում, մարզական դահլիճներում, համալիրներում, մարզադաշտերում և առողջարաններում, առանց ՀՀ օրենսդրությամբ սահմանված ակցիզային դրոշմանիշի, եթե ծխախոտի տուփի վրա չի նշված քանակը/համապատասխանաբար` հատերով կամ գրամներով/, եթե ծխախոտի տուփի վրա փակցված չէ ծխախոտում թունավոր բաղադրիչների պարունակության ծավալը/նիկոտին, խեժ/ կամ դրանց պարունակությունը գերազանցում է թույլատրելի սահմանաչափը, եթե տուփի վրա զետեղված չէ ծխելու վնասակարության մասին լիազորված մարմնի հաստատած նախազգուշացումը/ի դեպ այն պետք է ընթեռնելի և տեսանելի տեղում զետեղված լինի/, եթե ապրանքային նշանը կեղծված է:
Ծխախոտի վաճառքի բոլոր կետերում` դրամարկղերի մոտ կամ դրանց հարակից տարածքներում, տեսանելի մասում պարտադիր պետք է փակցվեն հետեւյալ նախազգուշացումները` 18 տարին չլրացած անձանց ծխախոտ չի վաճառվում, լիազորված մարմնի զգուշացումները` մարդու առողջության վրա ծխախոտի ներգործած բացասական ազդեցության վերաբերյալ»,- Իրավաբան.net-ին հայտնում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Գոհար Կոստանյանը:
Աղբյուրը` Իրավաբան.net