«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում կատարված վերջին փոփոխությունները տարբեր կարծիքների և մտահոգությունների առիթ հանդիսացան հասարակության շրջանում: Ամենից հաճախ հանդիպող հարցերի մեկն էր, թե ովքե՞ր կարող են հանդես որպես ներկայացուցիչներ դատարանում: Եթե նախկինում քաղաքացիական դատավարության ընթացքում, լիազորագրի հիման վրա գործունակ և չափահաս քաղաքացին այլ անձանց իրավունքների, ազատությունների ու օրինական շահերի պաշտպանության համար իրավունք ուներ դատարան դիմելու, ապա ներկայումս այդ անձանց շրջանակը սահմանափակվել է: Մասնավորապես, «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը սահմանում է` «1. Փաստաբանական գործունեությունն իրավապաշտպան գործունեության տեսակ է, որն իրականացնում էփաստաբանը և ուղղված է իրավաբանական օգնություն ստացող անձի իրավունքների, ազատությունների և շահերի իրականացմանն ու պաշտպանությանը՝ օրենքով չարգելված բոլոր միջոցներով և եղանակներով: 2. Փաստաբանը կարող է իրականացնել հետևյալ գործունեությունը՝ 1) խորհրդատվություն, ներառյալ՝ վստահորդներին խորհրդատվություն տրամադրելը նրանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ, փաստաթղթերի ուսումնասիրումը, իրավաբանական բնույթի այլ փաստաթղթերի կազմումը (այսուհետ` խորհրդատվություն). 2) ներկայացուցչություն, ներառյալ՝ ներկայացուցչությունը դատարանում (այսուհետ` դատական ներկայացուցչություն). 3) քրեական գործերով պաշտպանություն. 4) օրենքով նախատեսված դեպքում և կարգով վկային իրավաբանական օգնություն ցույց տալը: 3. Սույն հոդվածով նախատեսված դատական ներկայացուցչությունը կամ դրա կազմակերպումը որպես պարբերաբար կամ վճարովի հիմունքներով մատուցվող ծառայություն կարող է իրականացնել միայն փաստաբանը, բացառությամբ՝ 1) մերձավոր ազգականի, այդ թվում` ծնողի, զավակի, որդեգրողի, որդեգրվածի, հարազատ կամ ոչ հարազատ (համահայր կամ համամայր) եղբոր կամ քրոջ, պապի, տատի, թոռան, ինչպես նաև ամուսնու կամ ամուսնու ծնողի, փեսայի կամ հարսի համար անվճար ներկայացուցչություն իրականացնելու դեպքերի. 2) մերձավոր ազգականին (ազգականներին) կանոնադրական կապիտալի կեսից ավելի բաժնեմասերը պատկանող իրավաբանական անձի շահերը դատարանում ներկայացնելու դեպքերի: 4. Սույն հոդվածով նախատեսված քրեական գործերով պաշտպանությունը կարող է իրականացնել միայն փաստաբանը: 5. Փաստաբանական գործունեություն չի համարվում փաստաբանի կողմից աշխատանքային պայմանագրի հիման վրա գործատուին իրավաբանական օգնություն ցույց տալը, բացառությամբ փաստաբանի մոտ աշխատող փաստաբանի կողմից իրականացվող գործունեության»:
Աղբյուրը՝ Իրավաբան.net