Դաժան սպանության մեծ մեղադրվողը 20 տարի հետո ձերբակալվել է Ռուսաստանում

Օրերս Ռուսաստանի Դաշնության Նովոկուզնեցկ քաղաքում հայտնաբերվել ու ձերբակալվել է արդեն 20 տարի ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվող Գեորգի Սաֆարյանը: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Դեպքը, որի համար նա հետախուզվում էր, տեղի էր ունեցել 1995 թվականի հունվարի 26-ին: Նախապես հանցավոր համաձայնության գալով չորս ընկեր գնացել էին մայրաքաղաքի Կոմիտասի պողոտա: Այստեղ բնակվում էր Իրանի Իսլամական Հանրապետության ազգությամբ հայ մի քաղաքացի` Հայկ Աբրահամյանը, որի հետ ընկերները մտերմություն էին հաստատել դեռևս 94 թվականին: Տեղեկացել էին, որ Իրանից վերադարձել է մեծ գումարով և նպատակ ունի ասֆալտի գործարան կառուցել:

Երեկոյան ութն անց կեսին ընկերներից մեկը մնում է շենքի մոտ, մյուս երեքը մտնում են տուն: Հայկի բաժակում գարեջրին խառնած թույն կար. հենց այդպես էին որոշել սպանել: Բայց գյուղինստիտուտի ուսանող Գեորգի Սաֆարյանի բերած թույնը միայն քնեցրել էր Հայկին: Տղաները գործի էին դրել պահեստային տարբերակը` երկուսը բռնել էին Հայկին, իսկ Գեորգին, իր հետ բերած մետաղալարով խեղդամահ էր արել նրան: Տնից հափշտակելով միայն թանկարժեք իրեր` հանցախումբը հեռացել էր:

Հանցագործությունը բացահայտվել էր օրեր անց, գործին առնչվող երկու հոգի հենց նույն թվականին արդեն կանգնել են դատարանի առաջ, երրորդը` հայտնաբերվել ու դատապարտվել է 1997 թվականին, իսկ Գեորգի Սաֆարյանի հետախուզական գործը, ըստ բնակության վայրի, հանձնարարվել էր ոստիկանության Նոր Նորքի բաժնին:

Նույն` 1995 թվականի մայիսի 30-ին նրա նկատմամբ հայտարարվել էր միջպետական, իսկ 99 թվականի նոյեմբերի 30-ին` միջազգային հետախուզում: Եվ ահա, 2014 թվականի հունվարին Նոր Նորքի քրեական հետախույզները ստանում են օպերատիվ տեղեկություն, որ Գեորգի Սաֆարյանն ուրիշի անվան տակ բնակություն է հաստատել Ռուսաստանի Դաշնության Նովոկուզնեցկ քաղաքում: Հայաստանում ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի միջոցով հարցում է ուղարկվում Նովոկուզնեցկի ոստիկանություն: Նովոկուզնեցկից ստացվում են Արմեն Առաքելյան տվյալներով անձի լուսանկարներն ու մատնահետքերը, և գործի է անցնում Հայաստանի ոստիկանության փորձաքրեագիտական վարչությունը: Կատարված նույնականացումները կասկածի տեղ չէին թողնում:

Ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանության և ավազակային հարձակման մեղադրանքներով 20 տարի հետախուզման մեջ գտնվող Գեորգի Սաֆարյանը ձերբակալվում է: Այժմ ձեռնարկվում են միջոցառումներ նրա էքստրադիցիայի հարցը լուծելու ուղղությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել