ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը, Էլինար Վարդանյանի նախագահությամբ, մայիսի 4-ին անցկացրել է «2014թ-ի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության և երկրում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտման մասին» ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի քննարկումն ըստ ոլորտների:
Տիկին Վարդանյանը նշել է, որ անցյալ տարի ՄԻՊ-ի զեկույցի քննարկման ժամանակ հանձնաժողովն առաջարկել է ավելի արդյունավետ ու շահավետ համագործակցություն ծավալելու նպատակով այն քննարկել ըստ ոլորտների:
Այսօրվա նիստում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները հանդես են եկել ՀՀ արդարադատության նախարարությանը և Հատուկ քննչական ծառայությանը վերաբերող զեկույցներով:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը ՀՀ արդարադատության նախարարությանը վերաբերող տարեկան զեկույցում նշել էր գերատեսչության դրական տեղաշարժն ու բացթողումները: Զեկույցում` որպես դրական զարգացում, ՄԻՊ-ի տեղակալը մատնանշել է մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելը, ինչի միջոցով մի շարք խնդիրներ լուծում են ստացել: Նա առանձնացրել է նաև «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի շահագործումը, որով որոշ չափով լուծվել է նաև մյուս քրեկատարողական հիմնարկների ծանրաբեռնվածության խնդիրը:
Անդրադառնալով ոլորտում առկա խնդիրներին` Տաթևիկ Խաչատրյանը նշել է, որ դրանց մեծ մասն օրենսդրական բնույթ է կրում: Ըստ զեկույցի` 2014թ-ին արդարադատության նախարարությունում եղել են խնդիրներ, որոնց ուղղությամբ քայլեր են ձեռնարկվել, սակայն դրանք դեռևս հաղթահարված չեն: Օրինակ` ՄԻՊ-ը ստացել է տարբեր բանավոր դիմումներ, համաձայն որոնց Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում աշխատակիցները պատշաճ կերպով չեն սպասարկում քաղաքացիներին: Խնդիրներ կան նաև ԴԱՀԿ ծառայությունում:
Տաթևիկ Խաչատրյանն անդրադարձել է նաև քրեակատարողական հիմնարկների գերծանրաբեռնվածությանը, սանիտարահիգիենիկ և կոմունալ- կենցաղային պայմաններին, բժշկական օգնությանը, սննդի որակին, զբաղվածության կազմակերպմանը, զբոսանքին, հանգստին, տեսակցությանը, որոնց վերաբերյալ արձանագրվել են և օրենսդրական խնդիրներ, և չարաշահումներ:
ՄԻՊ գրասենյակն արձանագրել է նաև պետական տուրքի բարձր դրույքաչափ սահմանելու խնդիրը: Օմբուդսմենի տեղակալը նշել է, որ դատական ակտերի պատճեները ստանալու համար ՀՀ դատական դեպարտամենտը մեկ էջի համար պահանջում է 150 դրամ, մինչդեռ դրսում այն կատարվում է 10 դրամով: Չնայած, ըստ նրա, դա կարգավորված է օրենքով, սակայն անհրաժեշտություն կա վերանայել դրույքաչափերը :
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանն անդրադարձել է զեկույցում նշված բացթողումներին: Նա նշել է, որ համապատասխան կառույցի կողմից բարձրացված բոլոր խնդիրները հրատապ լուծման կարիք ունեն: Խոսելով ոչ աշխատանքային ժամերին փաստաբանների և պաշտպանյալների տեսակցությունների արգելքի մասին, պարոն Թաթոյանը նշել է, որ այս պարագայում ողջամիտ լուծում է պետք: Ըստ նրա` նախարարությունում մշակվել են օրենքի նախագծեր, որոնք նախատեսում են տեսակցելու հնարավորություն: Նախարարի տեղակալը վստահեցրել է, որ այս և մնացած բոլոր հարցերը նախարարության ուշադրության կենտրոնում են:
ՀՀ արդարադատության նախարարության օրինականության վերհասկողության տեսչության պետ Միքայել Մինասյանն էլ նշել է, որ զեկույցում կան խնդիրներ, որոնք ներառվել են անհայտ քաղաքացու զանգի միջոցով, ինչը վստահելի չէ: Նա նշել է, որ միայն բանավոր և անանուն դժգոհությունները չեն կարող հիմք լինել, որպեսզի նախարարությունն ընթացք տա և խախտումը բացահայտելու համար քայլեր ձեռնարկվեն: Անդրադառնալով զեկույցում նշված մյուս բացթողումներին` պարոն Մինասյանը նշել է, որ քրեակատարողական հիմնարկներում, իսկապես, կան խնդիրներ ու բացթողումներ, որոնք լուծում են պահանջում: Ըստ նրա՝ քրեակատարողական հիմնարկներն, իսկապես, ծանրաբեռնված են, սակայն այն չի կարող լուծվել 1-2 ամսվա ընթացքում: Այդ և մյուս խնդիրների լուծման համար ժամանակ է հարկավոր: Բանախոսը հույս է հայտնել, որ «Արմավիր» ՔԿՀ-ի միջոցով քրեակատարողական հիմնարկները կբեռնաթափվեն:
ՄԻՊ գրասենյակը հանդես է եկել նաև Հատուկ քննչական ծառայությանը վերաբերող զեկույցով: Օմբուդսմենի տեղակալ Արմեն Գրիգորյանը նշել է, որ իրենց ստացած դիմումների շրջանակներում ուսումնասիրվել են քրեական գործերի նյութերը, և ծառայության կողմից կատարված էական բացթողումներ, որոնք ազդել են քրեական գործի բացահայտման վրա, չեն հայտնաբերվել: Նույնիսկ առանձին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ քննությունն իրականացվել է պատշաճ մակարդակով: Այնուամենայնիվ, պարոն Գրիգորյանը ներկայացրել է ոլորտում առկա մի քանի խնդիրներ: Նա նշել է, որ ծառայության կողմից մի շարք քրեական գործերով բազմակողմանի և օբյեկտիվ քննություն չի կատարվել: Ըստ զեկուցողի` այսպիսի հետևության հանգել են ոչ միայն իրենց ուսումնասիրությունների, այլև ներկայացված գրավոր և բանավոր դիմումների քննության արդյունքում:
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Մուշեղ Բաբայանն, անդրադառնալով զեկույցում տեղ գտած բացթողումներին, նշել է, որ ծառայությունն արձագանքել է բոլոր դիմումներին` տրամադրելով բողոքի վերաբերյալ ստացած տեղեկությունները: Նա նշել է, որ դեպքեր են եղել, երբ պահանջվել են որոշ տեղեկություններ, որոնք մերժվել են` չտնօրինելու պատճառաբանությամբ: Պարոն Բաբայանը նշել է, որ ՄԻՊ-ն ավելի օբյեկտիվ կլիներ, երբ զեկույցում ներկայացներ նաև ծառայության կատարած աշխատանքը:
ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն