Երեխայի որդեգրման մասին վճիռ կայացրած դատավորները կամ որդեգրման պետական գրանցում իրականացնող քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմնի ղեկավարը եւ աշխատողները, ինչպես նաեւ որդեգրման մասին տեղյակ այլ անձինք պարտավոր են պահպանել երեխայի որդեգրման գաղտնիքը: Այս մասին iravaban.net-ի լրագրողի հետ զրույցում նշեց ՀԵԻԱ անդամ, փաստաբան Անահիտ Հակոբյանը:
ՀՀ քաղ.դատ.օր.-ի 173.3-րդ հոդվածի համաձայն` որդեգրման գործերով դատական քննությունն անցկացվում է դռնփակ:
«Համաձայն նույն օրենքի 8-րդ հոդվածի` Դատարանի վճիռը բոլոր դեպքերում հրապարակվում է դռնբաց նիստում, բացառությամբ որդեգրման գործերով գործն ըստ էության լուծող դատական ակտի եզրափակիչ մասի հրապարակման դեպքերի: Որդեգրման գործերով գործն ըստ էության լուծող դատական ակտի եզրափակիչ մասը կարող է հրապարակվել միայն որդեգրողի համաձայնությամբ»,- ասում է փաստաբան Անահիտ Հակոբյանը:
Նրա կարծիքով` այդ դեպքում ստացվում է, որ որդեգրման գործով կայացված վճռի նկարագրական-պատճառաբանական մասը պետք է հրապարակվի դռնբաց դատական նիստում, ինչը բավական է, որ գաղտնիքը հրապարակված համարվի:
Անահիտ Հակոբյանը նշում է, որ որդեգրման գործով լիարժեք գաղտնիություն ապահովելու համար չպետք է հրապարակվի դատարանի վճռի ոչ թե միայն եզրափակիչ մասը, այլև ամբողջ վճիռը: