Այս տարի ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչություն տվյալներով գրանցված 765 հիմնադրամներից միայն 265 են հաշվետվություն ներկայացրել նախարարություն: Մնացած 500 հիմնադրամների մասով, համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի կազմվել են համապատասխան որոշումներ` վարչական տույժ նշանակելու մասին: Հաշվի առնելով վերոհիշյալը Իրավաբան.net-ը ներկայացնում է հիմնադրամների կողմից հաշվետվությունների հրապարակման և ներկայացման կարգը, ինչպես նաև դրանց չհրապարակելու կամ չներկայացնելու դեպքում ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության միջոցները:
Մասնավորապես, յուրաքանչյուր տարի հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ից ոչ ուշ հիմնադրամն https://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում պարտավոր է հրապարակել՝
1) հաշվետվություն իր գործունեության մասին: Հաշվետվությունը պետք է պարունակի տեղեկություններ իրականացված ծրագրերի, ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարում օգտագործված միջոցների ընդհանուր չափի և դրանցում կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերի չափի, հիմնադրի, հոգաբարձուների խորհրդի անդամների, կառավարչի և հիմնադրամի աշխատակազմում ընդգրկված անձանց անուններն ու ազգանունները, եթե նրանք օգտվել են հիմնադրամի միջոցներից և ծառայություններից հաշվետու տարվա ընթացքում.
2) ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտն իրականացնող անձի (աուդիտորի) եզրակացությունը, եթե հիմնադրամի ակտիվների արժեքը գերազանցում է 10 միլիոն դրամը:
Հաշվետվության (որը բովանդակում է հիմնադրամի լրիվ անվանումը, գտնվելու վայրը, պետական գրանցման տվյալները և վերը նշված 1-ին և 2-րդ կետերով սահմանված տեղեկությունները) ձևը, հրապարակման և ներկայացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:
Հիմնադրամները վերը նշված հաշվետվությունը հրապարակելուց հետո՝ 30 օրվա ընթացքում, այդ մասին գրավոր ծանուցում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը։ Սահմանված ժամկետում հաշվետվությունը չհրապարակելու, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանն այդ մասին չծանուցելու կամ հաշվետվությունը թերի հրապարակելու դեպքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը կիրառում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված պատասխանատվության միջոցներ, այն է.
1) հիմնադրամների կողմից հաշվետվությունը թերի հրապարակելը, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում հիմնադրամների կողմից հաշվետվությունը չհրապարակելը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը հրապարակելու մասին չծանուցելը՝ առաջացնում է նախազգուշացում հիմնադրամների պաշտոնատար անձանց նկատմամբ,
2) օրենքով սահմանված կարգով և ժամկետներում հիմնադրամների կողմից հաշվետվությունը չհրապարակելը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը հրապարակելու մասին չծանուցելը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն մամուլի միջոցի օրինակը և հաշվետվությունը կամ դրա պատճենը չներկայացնելը, ինչպես նաև երեսուն օրվա ընթացքում նախազգուշացման պահանջները չկատարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում հիմնադրամների պաշտոնատար անձանց նկատմամբ` 50 հազար դրամի չափով,
3) տուգանքի նշանակման օրվանից հետո՝ երեսուն օրվա ընթացքում, հիմնադրամի կողմից վերը նշված խախտումը (խախտումները) չվերացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում հիմնադրամների պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի 200 հազար դրամի չափով։
Իրավաբան.net-ի հետ զրույցում «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության փաստաբան Կարեն Քոչարյանի խոսքով` վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված պատասխանատվության առավել խիստ միջոցը՝ 200 հազար դրամի չափով տուգանքը կիրառելուց հետո` մեկամսյա ժամկետում, հաշվետվության հրապարակման և ծանուցման պահանջը պատշաճ չկատարելու դեպքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը դիմում է դատարան` հիմնադրամը լուծարելու պահանջով:
Աղբյուրը՝ Իրավաբան.net