Այսօր, գրեթե բոլոր առևտրի կետերում հանդիպում ենք հետևյալ հայտարարությանը. «Գնված ապրանքը հետ չի ընդունվում»: Նմանօրինակ ձեռնարկատիրությամբ զբաղվողներից շատերը գիտեն, որ նման հայտարարությունը չի բխում ՀՀ օրենսդրությունից: Իսկ արդյո՞ք այդ մասին գիտեն նաև սպառողները: Այսպես, համաձայն «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի` Սպառողը, որին վաճառվել է ոչ պատշաճ որակի ապրանք, և եթե վաճառողը դրա թերությունների մասին նախապայման չի սահմանել, իրավունք ունի իր ընտրությամբ պահանջել` ա) ապրանքի թերությունների անհատույց վերացում կամ սպառողի կողմից դրանց վերացման ծախսերի հատուցում. բ) գնման գնի համաչափ իջեցում. գ) նմանօրինակ նմուշի (մոդելի, ապրանքատեսակի) ապրանքով փոխարինում. դ) այլ նմուշի (մոդելի, ապրանքատեսակի) ապրանքով փոխարինում` գնման գնի համապատասխան վերահաշվարկով. ե) առուվաճառքի պայմանագրի լուծում:
Բայց այս դեպքում, սպառողը պարտավոր է վերադարձնել թերություններով ապրանքը: Ընդ որում, սպառողն իրավունք ունի պահանջել ոչ պատշաճ որակի ապրանքի վաճառքի հետևանքով իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում:
Աղբյուրը՝ Իրավաբան.net