Նպատակը քրիստոնյաներից երկիրը մաքրելն է. գերմանացի դեսպանի վկայությունը Ցեղասպանության մասին

Հայոց ցեղասպանության թանագարն-ինստիտուտի կայքում հրապարակված են մի շարք փաստաթղթեր, որոնք ապացույցներ են Ցեղասպանության մասին: Ներկայացնում ենք գերմանացի պաշտոնյաների վկայությունները Ցեղասպանության մասին:

Օսմանյան կայսրությունում գերմանական դեսպան Վանգենհայմի զեկուցագիրը ռայխսկանցլեր Բեթման-Հոլվեգին
17 հունիսի 1915 թ.

… Ակնհայտ դարձավ, որ հայերի տեղահանությունը բխում է ոչ միայն ռազմական հանգամանքներից: Ներքին գործերի նախարար Թալեաթ բեյը վերջերս անկեղծ հայտարարեց այդ մասին դոկտոր Մորցմանին, որն այժմ ծառայում է կայսերական դեսպանությունում: Թալեաթն ասաց, որ «Բարձր Դուռը մտադիր է օգտվել համաշխարհային պատերազմից, որպեսզի ամբողջովին երկիրը մաքրի ներքին թշնամիներից` տեղի քրիստոնյաներից այնպես, որ այլ երկրներն իրենց դիվանագիտական միջամտությամբ չխանգարեին դա անել: Այդ միջոցառումը կծառայի Թուրքիայի բոլոր դաշնակիցների և հատկապես գերմանացիների շահերին և վերջիններս էլ այդպիսով կկարողանան ամրապնդվել»:

Wolfgang and Sigrid Gust (ed.) in cooperation with Taner Akcam: The Armenian Genocide during the First World War. Documents from German State Archives. A-19743. DE/PA-AA/ R14086. DuA Dok. 081 (gk). 1915-06-07-DE-003.

Օսմանյան կայսրությունում գերմանական դեսպան Վանգենհայմի զեկուցագիրը ռայխսկանցլեր Բեթման-Հոլվեգին
7 հուլիսի 1915 թ.

… 14 օր առաջ հայերի տեղահանությունն ու վերաբնակեցումը սահմանափակվում էր ռազմական գործողությունների թատերաբեմին մոտ գտնվող շրջաններով, այդ պահից ի վեր Բարձր Դուռը որոշեց այդ միջոցառումները տարածել նաև Տրապիզոնի, Մամուրեթ-ուլ-Ազիզ և Սվազի վրա սկսեց իրականացնել այդ միջոցառումները, թեև այդ շրջաններին դեռևս չի սպառնում թշնամու ներխուժումը: Ստեղծված իրադրությունը և այն, թե ինչպես է իրագործվում այդ տեղափոխությունը, ցույց են տալիս, որ կառավարությունն իրականում թուրքական կայսրության սահմաններում հետապնդում է հայ ազգի լիակատար ոչնչացման նպատակ:

Wolfgang and Sigrid Gust (ed.) in cooperation with Taner Akcam: The Armenian Genocide during the First World War. Documents from German State Archives. A-21257. DE/PA-AA/ R14086. DuA Dok. 106 (gk). 1915-07-07-DE-001.

Զեկուցագիր թուրքական կառավարության կողմից հայերի դեմ ձեռնարկված միջոցառումների մասին: Հալեպից Ռյոսլերը ռայխսկանցլեր Բեթման-Հոլվեգին
17 հուլիսի 1915թ.

…Սույն ամսի 14-ին Հալեպ եկած հայերի շարասյունը, այն բանից հետո, երբ այն Հաճնից չորս շաբաթվա ընթացքում կիզիչ արևի տակ դանդաղ ընթացքով եկավ այստեղ, իր հետ բերեց 12 դիակներ:

2. Դիարբեքիրի վիլայեթում մի կայմակամի բանավոր փոխանցվեցին հրահանգներ այն մասին, թե ինչպես վարվել հայերի հետ: Նա հրաժարվեց դրանք կատարել, եթե դրանք չկրկնվեն գրավոր ձևով: Դրանից հետո նա հեռացվեց և Դիարբեքիրի ճանապարհին սպանվեց: Այս տեղեկությունը ես սկզբից ստացել էի միայն տեղի քրիստոնյաներից և այդ պատճառով մի կողմ էի դրել: Այժմ այդ տեղեկությունը հաստատվեց բավականին վստահություն ներշնչող մահմեդական կողմից: Բազմաթիվ ծառայողներ, հավանաբար, սպանվեցին, քանի որ նրանք առանց դաժանության էին վերաբերվում իրենց շրջանի բոլոր հայերին:

…Այսուհանդերձ, լուրեր են տարածվում, որ Հյուսիսային Միջագետքի և Դիարբեքիրի վիլայեթի բնակչության շրջանում ցրվել են թռուցիկներ, որով նրանց գրգռում էին հայերի դեմ: Թվում է, որ նույնիսկ փորձ է կատարվում թռուցիկների բաժանման այդ փաստը ներկայացնել որպես Գերմանիայի կողմից ձեռնարկված մի փորձ, ինչը դյուրին է դառնում շնորհիվ այն բանի, որ թռուցիկները սովորաբար բաշխվել են գերմանացիների կողմից:

R 14086, Ab. 23232.

Հալեպի գերմանական հյուպատոս Ռյոսլերի զեկուցագիրը ռայխսկանցլեր Բեթման-Հոլվեգին
27 հուլիսի 1915 թ.

Կառավարությունը, ինչպես կարծում են, կազմակերպեց նրանց սպանությունը, ում ուղարկում էր աքսորի: Նա բանտից ազատ արձակեց թուրք բանտարկյալներին, նրանց զինվորական համազգեստ հագցրեց և ուղարկեց այն շրջաններ, որոնցով պետք է անցնեին տեղահանվողները: Նա չերքեզներից ձևավորել է կամավորական ջոկատներ և ուղարկել հայերի դեմ: …Կառավարությունը իսկապես մտադրված տեղահանվածներին քշել է այդ քաոսի մեջ:

Wolfgang and Sigrid Gust (ed.) in cooperation with Taner Akcam: The Armenian Genocide during the First World War. Documents from German State Archives. A53a/1915/4563 A-2391. DE/PA-AA/R14087. DuA Dok. 120(gk). 1915-07-27-DE-001.

 Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել