«Բարեգործության մասին» ՀՀ օրենքի համաձայն` բարեգործության նպատակն է՝
1) աջակցել այն ֆիզիկական անձանց (հաշմանդամներին, ծնողազուրկ երեխաներին, գործազուրկներին), ինչպես նաև սակավ ապահովված ընտանիքներին, որոնք չեն կարող ինքնուրույն ապահովել իրենց նյութական և հոգևոր պահանջները.
2) աջակցել ոչ առևտրային այլ կազմակերպություններին.
21) աջակցել առողջապահության զարգացմանը.
3) նյութական օգնություն տրամադրել պատերազմի, տարերային աղետների, վարակիչ հիվանդությունների, համաճարակների և արտակարգ այլ իրավիճակների հետևանքով տուժած անձանց և մասնակցել դրանց հետևանքների վերացմանը.
4) աշխատատեղերի ստեղծման կամ գործազուրկների վերապատրաստման ճանապարհով աջակցել սոցիալական օգնության կարիք ունեցող գործազուրկներին՝ աշխատանքի տեղավորման հարցում.
5) աջակցել գիտության, կրթության, արվեստի, գրականության, առողջապահության, սպորտի և ֆիզկուլտուրայի ոլորտների ծրագրերի իրականացմանը.
6) աջակցել պատմական, ճարտարապետական, մշակույթի և արվեստի հուշարձանների պահպանման և վերականգնման ծրագրերի իրականացմանը.
7) աջակցել բնության և շրջակա միջավայրի պահպանման և բարեկարգման աշխատանքների իրականացմանը.
8) աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած սոցիալական ծրագրերի իրականացմանը:
Հետևաբար` բարեգործությունը ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից վերոնշյալ նպատակների իրականացման համար ֆիզիկական անձանց, առողջապահական և ոչ առևտրային կազմակերպություններին կամավոր, անշահախնդիր, օրենքով չարգելված (անհատույց կամ արտոնյալ պայմաններով) նյութական և հոգևոր օգնության տրամադրումն է:
Բարեգործություն չի համարվում կուսակցություններին և առևտրային կազմակերպություններին (բացառությամբ առողջապահության բնագավառի կազմակերպությունների) դրամական և այլ նյութական միջոցների հատկացումը: