Երևանի քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 21-ամյա երիտասարդի ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ։
2015թ. ապրիլի 13-ին` ժամը 21:20-ին, «Մալաթիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչ, 21-ամյա Ա.Խաչիկյանը` «որովայնի շրջանի ծակած-կտրած թափանցող վերք` լյարդի վնասում» ախտորոշմամբ:
Դեպքի առթիվ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ապրիլի 13-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
Տուժած քաղաքացին վիրահատությունից հետո ի վիճակի չի եղել տալ ցուցմունք կամ պատասխանել հարցերին:
Նշանակվել են դատաբժշկական և դատակենսաբանական փորձաքննություններ:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական միջոցառումներ՝ երիտասարդին մարմնական վնասվածք պատճառելու դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Այս մասին Իրավաբան.net –ը տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեից: