Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների տնօրինությունը՝ ապրիլի 23-ին և 24-ին միջոցառումների մասին

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների տնօրինությունը ներկայացնում է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 23-ին և 24-ին անցկացվելիք միջոցառումների, մասնակիցների տեղափոխության, երթևեկության և անվտանգության հետ կապված պայմանների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ.

2015 թվականի ապրիլի 23-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ժամը 17:00-ից բաց խորանի մոտ տեղի կունենա Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը, որը կհեռարձակվի ուղիղ եթերով, ինչպես նաև կցուցադրվի Երևանի Հանրապետության հրապարակում տեղադրված մեծ էկրանների վրա:

Հաշվի առնելով միջոցառումների ծավալը, մասնակցել ցանկացողների քանակը և բազմաթիվ պաշտոնական  պատվիրակությունների ներկայությունը՝ ՀՀ ոստիկանությունը, Երևանի և Էջմիածնի քաղաքապետարանները մշակել են հատուկ երթուղիներ, համաձայն որոնց՝ Երևանի Բրազիլիայի հրապարակից Էջմիածին կմեկնեն անվճար ավտոբուսներ, որոնք ուղևորներին կհասցնեն մինչև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք և, այնուհետև, միջոցառման ավարտին կվերադարձնեն Երևան: Խորհուրդ է տրվում խուսափել սեփական փոխադրամիջոցների օգտագործումից:

Սեփական ավտոմեքենաներով Էջմիածին մեկնողների տրանսպորտային միջոցները պետք է կայանել Էջմիածնից դեպի Արմավիր տանող ճանապարհահատվածում, որտեղից էլ ցանկացողներին ավտոբուսներով կտեղափոխեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

Անվտանգության նկատառումներից ելնելով` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք, ինչպես նաև ստորև նշվող այլ հանրային միջոցառումների անցկացման վայրեր մուտք գործող անձանց արգելվում է`

1) կրել կամ ունենալ քիմիական, պայթուցիկ, հրավառ և դյուրավառ նյութեր, ինչպես նաև այն իրեր և միջոցներ, որոնց առկայությունը կամ կիրառումը կարող է վտանգ ներկայացնել շրջապատում գտնվող անձանց համար,

2) ունենալ ռազմամթերք, զենքի ցանկացած տեսակ և դրանց փամփուշտներ (բացառությամբ այն անձանցից, ովքեր, ելնելով ծառայողական պարտականությունների կատարումից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունեն պահել, կրել, կիրառել և օգտագործել հաշվեցուցակային հրազեն),

3) ունենալ մեծածավալ առարկաներ, այդ թվում՝ տնտեսական  և այլ մեծ պայուսակներ, տոպրակներ, պարկեր, ճամպրուկներ, ուսապարկեր և այլն:

Միջոցառման անցկացման ժամանակ  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք  բերվող անձնական իրերը ենթարկվելու  են զննման:

2015 թվականի ապրիլի 23-ի երեկոյան՝ ժամը 20:00-ին, Երևան քաղաքի Հանարապետության հրապարակում տեղի կունենա ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման համար մշտապես պայքարող  «SOAD» ռոք խմբի համերգը, որն անցնում է «Wake up the souls» («Արթնացրեք հոգիները») խորագրով:

Մուտքը Հանրապետության հրապարակ իրականացվելու է միայն Շահումյան հրապարակի կողմից` Վազգեն Սարգսյան փողոցով` անվտանգության գոտիներն անցնելուց հետո:

Մուտքն անվճար է, բայց սահմանափակ է մասնակիցների ընդհանուր թվով:

2015թ. ապրիլի 23-ին՝ ժամը 08:00-ից մինչև 24:00, սահմանափակվելու է Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցների երթևեկությունը, մասնավորապես՝

  • Ամիրյան փողոցը՝ Մաշտոց-Ամիրյան փողոցների խաչմերուկից,
  • Աբովյան փողոցը՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից,
  • Նալբանդյան փողոցը՝ Նալբանդյան-Թումանյան փողոցների խաչմերուկից,
  • Հանրապետության փողոցը՝ Հանրապետության-Բուզանդ փողոցների խաչմերուկից,
  • Տիգրան Մեծ պողոտան՝ Տիգրան Մեծ-Խանջյան փողոցների խաչմերուկից,
  • Գր.Լուսավորիչ փողոցը՝ Գր.Լուսավորիչ-Իտալիայի փողոցների խաչմերուկից,
  • Խորենացի փողոցը՝ Խորենացի-Զաքյան և Խորենացի-Մ.Մկրտչյան փողոցների խաչմերուկներից:

Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի տարածքում արտերկրյա բարձրաստիճան պատվիրակությունների մասնակցությամբ անցկացվելու են արարողակարգային միջոցառումներ: Այցելուների համար մուտքը դեպի հուշահամալիր կբացվի ժամը  13:00-ից: Հուշահամալիր այցելությունը շարունակվելու է նաև ապրիլի 25-ին:

Ապրիլի 24-ին՝ երեկոյան 20:15-ին, Հանրապետության հրապարակում տեղի կունենա Համաշխարհային 24/04 նվագախմբի համերգը` տասնյակ երկրներից ժամանող 140 երաժիշտների, աշխարհահռչակ խմբավարների և մենակատարների մասնակցությամբ:

Մուտքը Հանրապետության հրապարակ իրականացվելու է Վազգեն Սարգսյան, Ամիրյան փողոցների և Տիգրան Մեծ պողոտայի հատվածներից անվտանգության գոտիներն անցնելուց հետո:

Աբովյան և Նալբանդյան փողոցների հատվածներում քաղաքացիների մուտք (ելք) չի իրականացվելու:

Մուտքն անվճար է:

2015 թվականի ապրիլի 24-ին` երեկոյան ժամը 22:00-ին, Հանրապետության հրապարակից կմեկնարկի ավանդական ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ:

Երթուղին՝ Հանրապետության հրապարակ – Ամիրյան փողոց- Մաշտոցի պողոտա – Ֆրանսիայի հրապարակ – Բաղրամյան պողոտա – Բարեկամության հրապարակ – Կիևյան փողոց – Կիևյան կամուրջ – Կ. Դեմիրճյանի անվան ՄՀՀ – Ծիեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել