«Էս ինչ լավն ա ու էս հավի հետ». ավարտվեց մեկ բառից առաջացած կոնֆլիկտի դատական գործը
«Էս ինչ լավն ա ու էս հավի հետ» վիրավորանքի հետևանքով առաջացած կրակոցների գործի դատավճիռն այսօր հրապարակվեց Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի կողմից:
Դատավճիռը
Ըստ դատավճռի՝ գործով երեք ամբաստանյալներն էլ ճանաչվեցին մեղավոր իրենց մեղսագրված արարքներում, սակայն համաներմամբ ազատ արձակվեցին:
Արմեն Գրիգորյանի նկատմամբ պետք է պատիժ նշանակվեր 1 տարի ժամկետով և տուգանք:
Համլետ Մանուկյանը մեղավոր ճանաչվեց հասարակական կարգը խախտող խմբային գործողություններ կազմակերպելու և դրանց ակտիվորեն մասնակցելու համար, նրա նկատմամբ պետք է պատիժ նշանակվեր 6 ամիս ժամկետով:
Նույն հոդվածով մեղավոր ճանաչվեց նաև Գագիկ Ապերյանը, նրա նկատմամբ պետք է պատիժ նշանակվեր 1 տարի ժամկետով:
ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին ՀՀ ԱԺ 2013թ. հոկտեմբերի 3-ի որոշման համաձայն` նրանց նկատմամբ պատիժը չի կիրառվի:
Գործի մանրամասները
2013թ. փետրվարի 09-ին, ժամը 23։00-ի սահմաններում Արմեն Գրիգորյանն իր կնոջ՝ Լաուրա Վարդանյանի հետ Երևան քաղաքի Բաղրամյան փողոցով քայլելիս է եղել: Ըստ ցուցմունքների՝ նրանց հանդիպակաց ուղղությամբ եկող Համլետ Մանուկյանն ու Գուրգեն Գոլեցյանը, հավասարվելով նրանց, նրա և կնոջ հասցեին վիրավորական արտահայտություններ են արել, թե՝ «էս ինչ լավն ա ու էս հավի հետ»։
Լաուրա Վարդանյանը դատարանում տված ցուցմունքում ասել է, թե «նրանցից մեկը էլ իրեն քսվելով է անցել»:
Այս վիրավորանքը չի հանդուրժել Արմեն Գրիգորյանը, նա երիտասարդներից հեռախոսահամար է վերցրել, իսկ մեկ ժամ անց նույն վայրում երկու եղբայրների հետ վիճաբանության մեջ է մտել նրանց հետ, այն ավարտվել է միմյանց ծեծկռտուքի ենթարկելով:
Վերոնշյալ ծեծկռտուքից որոշ ժամանակ անց գործով ամբաստանյալները և քննությամբ չպարզված 8-10 հոգի գնացել են Արմեն Գրիգորյանի տան մոտ՝ Կատովսկի փողոցում: Ըստ գործով ապացուցված փաստերի՝ նրանք շուրջ 20 րոպե սեռական բնույթի հայհոյանքներ են տվել, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք արտահայտել Ա.Գրիգորյանի ընտանիքի անդամների ու շրջակա տներից դուրս եկած բնակիչների նկատմամբ, կատարել են խուլիգանություն։
Ըստ Արմեն Գրիգորյանի ցուցմունքի՝ նշյալ անձանցից երկուսը մտել էին պատուհանի տակ կանգնած իր ավտոմեքենայի մեջ, նրանցից մեկն էլ իրեն հայհոյելով սպառնացել է, թե «դուրս արի, էդ ում ախպորն ես ծեծել, ես քո…», ինքը հանկարծակի գալով և համոզվելով, որ նրանք իր հետ ժամեր առաջ կռված տղաներն են ու նրանց ընկերները, տնից վերցրել է ապօրինի պահվող հրազենը, դուրս է եկել փողոց, մի քանի անգամ նրանց հորդորել է հեռանալ, սակայն տեսնելով, որ արդյունքի չի հասնում, հրազենով կրակել է դեպի վեր, այնուհետև գետնին, որի արդյունքում՝ գնդակը անդրադարձ թռիչք կատարելով շարունակել է ուղղությունը տաղավարի մոտ կայանված «ՎԱԶ 2121» մակնիշի համարանիշի ավտոմեքենայի աջ կողմի բացված դռան ուղղությամբ, այն վնասել ավտոմեքենայի աջ դռան ապակին և դռան հետևում գտնվող Գագիկ Ապերյանի դեմքի շրջանում անզգուշությամբ պատճառել ստորին ծնոտի ձախ հոդային ելունի կոտրվածքով, դեմքի շրջանի միջանցիկ հրազենային գնդակային վնասվածք` առողջության տևական քայքայումով միջին ծանրության վնաս։
Գործը դատարանը քննում էր շուրջ 1 տարի և մեկ ամիս:
Գևորգ Թոսունյան