Վերջին օրերին աղմուկ հանած «Լեգալ պրոգրես» իրավաբանական ակումբի նպատակներն ու կանոնադրությունն այսօր լրագրողներին և իրավական ոլորտի ներկայացուցիչներին ներկայացրեցին ակումբի անդամները: Հիշեցնենք, որ կային կարծիքներ, թե Փաստաբանների պալատի գործունեությոնից դժգոհ փաստաբաններն են հիմել ակումբը և այդպիսով փորձ է արվելու պառակտել փաստաբանական համայնքը:
«Թյուր է կարծիքը, թե որևէ մեկը փորձ է արել պառակտել փաստաբաններին, նման բան չկա: Այստեղ ներկաներից շատերն ամեն ինչ արել են փաստաբաններին միավորելու համար: Պալատից բաժանվելու նպատակ, անգամ ցանկություն որևէ մեկը չունի, մեր գործունեությանը ծավալելու ենք պալատի հետ միասին»,- ասաց ակումբի խորհրդի անդամ Գուրգեն Գրիգորյանը:
Խորհրդի մեկ այլ անդամ փաստաբան Կարեն Քամալյանը նշեց, որ ակումբը «դե ֆակտո» գործում է արդեն 15 տարի շարունակ: Ակումբի նպատակը եղել և շարունակում է մնալ փաստաբաններին միավորելը և ընդհանուր քննարկումներ կազմակերպելը, որի ժամանակ անդամները կարող են ներկայացնել իրենց վարույթում գտնվող գործեր, խորհուրդներ ստանալ` պաշտպանական տակտիկա ընտրելու, ռազմավարությունը կառուցելու հարցում:
Կ. Քամալյանն օրինակ բերեց քննչական և դատախազական մարմինների համախմբվածությունը, երբ մեկը մյուսին օգնում է` իր գործը հաջողությամբ ավարտել:
Նա ասաց նաև, որ մինչ օրս իրենց ակումբի անդամների ջանքերի շնորհիվ կարողացել են հասնել արդարացման դատավճիռների, օրենսդրական նախաձեռնությունների ընդունման և այլն: