Աշխատողի մահվան դեպքում չվճարված աշխատավարձի գումարների վճարման կարգը

Այսօր քիչ չեն այն դեպքերը, երբ աշխատողը մահվան դեպքում չի հասցնում ստանալ իրեն հասանելիք աշխատավարձը: Շատ դեպքերում, անբարեխիղճ գործատուները օգտվելով քաղաքացիների չիմացության հանգամանքից, մահացածի ընտանիքի անդամներին չեն վճարում կամ հրաժարվում են աշխատողի աշխատավարձի վճարումից: ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 197-րդ հոդվածի համաձայն` աշխատողի մահվան դեպքում նրան հասանելիք աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումներ վճարվում են մահացածի ընտանիքի անդամին` մահվան վկայականը և ընտանիքի անդամ լինելու փաստը հավաստող անհրաժեշտ այլ փաստաթղթեր անձի մահվանից հետո` վեց ամսվա ընթացքում, ներկայացնելու դեպքում: Վճարումները կատարվում են նշված փաստաթղթերը ներկայացնելուց հետո` աշխատանքային երեք օրվա ընթացքում: Սահմանված ժամկետում չստացված աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումներ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են ժառանգման:
Ավելին, չվճարված աշխատավարձի գումարների ժառանգման հետ կապված հարցերի լուծումը տրված է ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով, որի 1249-րդ հոդվածը սահմանում է` վճարման ենթակա, սակայն քաղաքացու կյանքի օրոք որևէ պատճառով չվճարված` աշխատավարձի, թոշակների, նպաստների և կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման գումարներն ստանալու իրավունքը պատկանում է մահացածի ընտանիքի անդամներին, ինչպես նաև նրա խնամքի ներքո գտնվող անաշխատունակ անձանց:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել