Երևանի փողոցներում այսօր կարելի է հանդիպել շատ վարորդների, ովքեր ծխում են՝ տրանսպորտային միջոցը վարելու ընթացքում, ցավալի է այդ վարորդների թվում տեսնել նաև Ճանապարհային ոստիկանության ծառայողներին:
Երևույթը ինքնին տհաճ է և դատապարտելի: Շատ հաճախ ականատես ենք լինում նաև, որ հասարակական տրանսպորտում և տաքսիներում վարորդի հետ միասին ծխում են նաև ուղևորները: Երևանցիներից շատերին հետաքրքրում է պատժվու՞մ են արդյոք տրանսպորտային միջոցը վարելու ընթացքում ծխող վարորդներն և ուղևորները:
Ըստ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի տրանսպորտային միջոցի (բացառությամբ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կամ թեթև մարդատար-տաքսիների) վարորդի կողմից տրանսպորտային միջոցի ընթացքի ժամանակ ծխելը`առաջացնում է տուգանքի նշանակում` 3 հազար դրամի չափով:
Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում կամ թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլներում և՛ վարորդների, և՛ ուղևորների կողմից ծխելը`առաջացնում է տուգանքի նշանակում` հինգ հազար դրամի չափով:
Աղբյուրը՝ Իրավաբան.net