Նախկին գյուղապետը մեղադրվում է շուրջ 7 միլիոն դրամի յուրացման մեջ

Արմավիրի մազրի Բաղրամյան համայանքի գյուղապետը ամբաստանյալի աթոռին է հայտնվել առանձնապես խոշոր չափերի յուրացումներ կատարելու համար: Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից,  գործը քննվում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Արթուր Ադամյանի նախագահությամբ:

Համաձայն մեղադրական եզրակացության` Մասիս Կիրակոսյանը 2006 թվականից մինչև 2012 թվականները լինելով Բաղրամյանի գյուղապետ, պաշտոնավարման վերջին վեց տարիների ընթացքում կատարել է առանձնապես խոշոր չափերի յուրացումներ:

Այսպիսով, լինելով տեղական ինքնակառավարման մարմնում կազմակերպական-տնօրինչական ու վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, պաշտոնեական դիրքն օգտագործելով`  Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի գյուղապետարանից 3 դրվագով յուրացման եղանակով հափշտակել է իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափի` 4.008.800 ՀՀ դրամ արժողությամբ գյուղապետարանում հաշվառված գույքը, խոշոր չափի` 2.705.200 ՀՀ դրամ գումարը, ինչպեսև «Նուռ»  հաշմանդամ երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ի կողմից համայնքին անհատույց տրամադրված զգալի չափի` 447.000ՀՀ դրամ արժողությամբ գույքը` համայնքին պատճառելով ընդհանուր 7.161.000ՀՀ դրամի գույքային վնաս:

Բացի սրանից,  նույն ժամանակահատվածում Բաղրամյան համայնքի վարչական տարածքում հողընդերք օգտագործող կազմակերպությունների հետ վարձակալության պայմանագրեր կնքելու ժամանակ, պայմանագրերում չի նշել համայնքի ավագանու կողմից սահմանված տարեկան 200.000ՀՀ դրամ համայնքի բարեկարգման համար նախատեսված տեղական տուրքը, որի հետևանքով Բաղրամյան համայնքին պատճառվել է 5.200.000ՀՀ դրամի գույքային վնաս:

«Դատալեքս»-ից տեղեկանում ենք, որ «Նուռ» ՀԿ-ի մասով գործը կարճվել է, քանի որ այս կազմակերպությունից բողոք չի ներկայացվել և նախկին գյուղապետն էլ հետ է վերադարձվել նրանց կողմից ստացված գույքը:

Ամբաստանյալի հանդեպ որպես խափանման միջոց ընտրված է ստորագրությունը` չհեռանալու մասին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել