Այսօր ՀՀ կառավարությունը հերթական նիստի ժամանակ հավանություն է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նախագծին, որի ընդունմամբ ակնկալվում է ամրապնդել մարդու իրավունքների պաշտպանության քրեադատավարական երաշխիքները, հավասարակշռել հանրային և մասնավոր շահերը, բարձրացնել դատարանի դերն ու նշանակությունը, քրեական դատավարությունը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին և այլն։ Նկատի առնելով, որ 1998 թ. ընդունված գործող օրենսգիրքը կիրառվում է ավելի քան տասը տարի, երբ երկրի հասարակական և քաղաքական կյանքում տեղի են ունեցել մի շարք իրադարձություններ, ՀՀ կառավարությունն անխուսափելի է համարում քրեական գործերի քննության և լուծման հետ կապված հարաբերությունները կանոնակարգող հիմնական իրավական ակտի փոփոխությունները։ Վարչապետ Տիգրան Սարգսյանն անհրաժեշտ է համարել, որ ՀՀ գլխավոր դատախազությունը, ՀՀ ոստիկանությունը և կենտրոնական բանկը, մինչև օրենսգրքի նախագիծն Ազգային ժողով ներկայացնելը, մեկ անգամ ևս քննարկեն փաստաթղթի հայեցակարգային դրույթները։