ՀՀ կառավարությունն այսօր հերթական նիստի ժամանակ հավանություն է տվել «Էկոտոմատո» ՓԲԸ ներկայացրած` Կոտայքի մարզի Գողթ համայնքում ջերմատան կառուցման և զարգացման ներդրումային ծրագրին։ 2011 թվականից գործող ընկերության ջերմատնային տնտեսությունում աճեցվում են Հոլանդիայից բերված բարձրորակ վարդեր, որոնց հիմնական մասն արտահանվում է Ռուսաստան, Վրաստան, Բելառուս և Շվեդիա։ Վարդերը մատչելի գներով իրացվում են նաև Հայաստանում։
Հավանություն ստացած ծրագրով նախատեսվում է գործող ջերմատան հարակից տարածքում մեկ-երկու տարում կառուցել ևս երեք հեկտար ջերմատուն և 2.5 անգամ ավելացնել վարդերի արտադրությունը և արտահանումը։
Հաջորդ որոշմամբ գործադիրը համաձայնություն է տվել Գողթի գյուղական համայնքի ղեկավարի` համայնքի սեփականությունը հանդիսացող ավելի քան 3.5 հա անջրդի, գյուղատնտեսական գործունեություն ծավալելու համար ոչ պիտանի հողամասը կադաստրային արժեքով «Էկոտոմատո» ՓԲԸ-ին ուղղակի վաճառքի ձևով օտարելու առաջարկությանը։ Ծրագրի իրականացման համար կկատարվի 3-4 մլրդ դրամի ներդրում, կստեղծվեն նոր աշխատատեղեր, կբարելավվի Գողթի բնակչության սոցիալական դրությունը։