«Գրավատների և գրավատնային գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն` գրավատունն իրավունք ունի`
ա) տոկոսավճարով տրամադրել անձնական օգտագործման շարժական գույքի գրավով ապահովված վարկեր.
բ) վարկեր և փոխառություններ ներգրավել բանկերից և այլ կազմակերպություններից, ինչպես նաև փոխառություններ ներգրավել մասնակիցներից.
գ) թողարկել և բանկերի կամ այլ կազմակերպությունների միջև տեղաբաշխել սահմանափակ շրջանառության իրավունքով արժեթղթեր (բացառությամբ բաժնետոմսերի), որոնց երկրորդային տեղաբաշխումը կարող է կատարվել միայն բանկերի կամ այլ կազմակերպությունների միջև.
դ) բաժնետիրական ընկերություն հանդիսացող գրավատան դեպքում` օրենքով սահմանված կարգով թողարկել և տեղաբաշխել բաժնետոմսեր.
ե) պարտավորությունների դիմաց իրացնել իրեն որպես գրավ կամ պահատվության հանձնված 100.000 դրամ և ավելի արժողություն ունեցող գույքը` «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան.
զ) պարտավորությունների դիմաց իրացնել իրեն որպես գրավ կամ պահատվության հանձնված մինչև 100.000 դրամ արժողություն ունեցող գույքը` գրավատան կողմից հաստատված և լիազոր մարմնի հետ համաձայնեցված հրապարակային սակարկությունների կարգին համապատասխան կամ սույն մասի «ե» ենթակետով սահմանված կարգով.
է) օրենսդրությամբ սահմանված կարգով գույք ընդունել միայն գրավատուից կամ պահատուից: Գրավատան համար գրավատու (պահատու) լինելու փաստի հավաստիության հիմք կարող է ծառայել գույքը հանձնող անձի գրավատոմսում կամ պահպանական անվանական անդորրագրում կատարված գրավոր հայտարարությունը: