ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, 2012 թ. սեպտեմբերի 9-ին և 23-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով, ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծվել է համակարգող խումբ:
ՀՀ ոստիկանության փոխանցմամբ` օգոստոսի 9-ին տեղի ունեցավ համակարգող խմբի առաջին նիստը, որը վարում էր խմբի ղեկավար, ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը:
Նիստում քննարկվեցին համակարգող խմբի անդամների բարձրացրած հարցերը, եղան ընտրություններում հնարավոր խնդիրների վերացմանն ուղղված կոնկրետ առաջարկներ: Նշվեց, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները բարձր մակարդակով անցկացնելու համար ոստիկանության կողմից արդեն իրականացվել և իրականացվում են հետևողական նախապատրաստական աշխատանքներ, որոնց արդյունքն ակնհայտ կդառնա ընտրությունների օրը:
Ամփոփելով նիստը՝ համակարգող խմբի ղեկավար Հունան Պողոսյանը վերստին ընդգծեց ընտրությունների բնականոն ընթացքն ու հասարակական կարգն ապահովելու՝ ոստիկանության առջև դրված խնդրի կարևորությունը և հանձնարարեց լիարժեք ու բարձր կարգապահությամբ կատարել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախապատրաստման աշխատանքները, ինչպես և բուն ընտրությունները պատշաճ մակարդակով կազմակերպելու ուղղությամբ ոստիկանության պետի հրահանգները: