69-ամյա գինեկոլոգը հայտնվել է ամբաստանյալի աթոռին` հղի կնոջ մահվան գործով

Մասնագիտությամբ մանկաբարձ-գինեկոլոգ 69-ամյա Հասմիկ Հակոբյանը ամբաստնյալի աթոռին է հայտնվել հղի կնոջ մահվան գործով: Նախորդ տարվա հունիսի 28-ի դեպքի առթիվ նախաքննությունն ավարտվել է և գործն ուղարկվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Գործը մակագրվել է դատավոր Արթուր Ադամյանին: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Համաձայն մեղադրական եզրակացության, Հասմիկ Ադամյանը աշխատելով «Արմավիրի» նժշկական կենտրոնում որպես մանկաբարձ-գինեկոլոգ, 2014թ. հունիսի 28-ին կանանց կոնսուլտացիայի բաժանմունքում հերթապահության ժամանակ կեսօրին  19-20 շաբաթական հղիությամբ բուժօգնության դիմած Նարինե Շարոյանին բուժօգնություն ցուցաբերելիս իր մասնագիտական պարտականությունները պատշաճ չի կատարել` անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք ցուցաբերելով:

Գինեկոլոգը հղի կնոջը մանկաբարձական բաժանմունք ընդունելու և այնտեղ բոլոր հետազոտությունները կազմակերպելու փոխարեն ուղարկել է ինֆեկցիոն բաժանմունք, որտեղ հնարավոր չի եղել ժամանակին ախտորոշելու հղիության հետ կապված բարդությունները և ըստ այդմ կատարել բուժական միջոցառումներ, ինչն էլ պատճառ է եղել հղիի օբյեկտիվ վիճակի ոչ ճիշտ գնահատման, ուշ ախտորոշման:

Ժամը 16-ի սահմաններում միայն գինեկոլոգի կողմից ճիշտ ախտորոշում է եղել կնոջ մոտ առկա բարդության վերաբերյալ, ու թեև բոլոր բուժական միջոցները ձեռնարկվել են, սակայն կնոջ կյանքը փրկել հնարավոր չի եղել:

Հասմիկ Հակոբյանին մեղադրանք է առաջադրված Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով արարք կատարելու համար:

Ծանուցում.ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել