Դատապարտյալները ստացան վկայականներ

ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 41 դատապարտյալ ստացել է ՀՀ կրթության և գիտության նախարարության «Գյումրու արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի վկայականներ՝ «Խոհարարի» և «Հյուսն ատաղձագործի» մասնագիտությունների գծով: Ասյ մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքից:

Վկայականների հանձնման արարողությանը ներկա են եղել ՀՀ ԱՆ «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի տնօրեն Խաչատուր Տոնոյանը, «Արթիկ» ՔԿՀ ղեկավարությունը, Քրեակատարողական վարչության ներկայացուցիչներ:

Խաչատուր Տոնոյանը շնորհավորել է ներկաներին վկայականներ ստանալու կապակցությամբ և բարձր գնահատել «Արթիկ» ՔԿՀ-ի և Գյումրու արհեստագործական ուսումնարանի միջև համագործակցությունը: «Ողջունելի է, երբ դատապարտյալը, անազատության մեջ գտնվելով, հնարավորություն ունի ստանալու մասնագիտություն, ինչի շնորհիվ ստացած գիտելիքները հետագայում կկարողանա կիրառել առօրյա կյանքում».- ասել է հիմնադրամի տնօրենը:

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետ Գևորգ Մկրտչյանը նույնպես կարևորել է նման միջոցառումների անցկացումը քրեկատարողական հիմնարկներում և հույս հայտնել, որ ուսումնական ծրագիրը շարունակական բնույթ կկրի:

Հիշեցնենք, որ «Սևան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներին նույնպես շնորհվել էր Հայաստանի Հանրապետության Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջի վկայականներ՝ «Ավտոփականագործ» և «Կենցաղային գազի սարքավորումների վերանորոգում» մասնագիտությունների գծով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել