«Բազամաքանակ են գյումրեցիների դիմումներն ուղղված բնակարանների բաշխման հանձնաժողով»

Բնակարանային խնդիրը եղել և մնում է արդի հիմնախնդիր Գյումրիում: Արդեն 23 տարի տնակներում ապրող գյումրեցիներից շատերը դեռևս շարունակում են երազել հարմարավետ բնակարան ունենալու մասին: Այս մասին iravaban.net-ին հայտնում է Գյումրիի ՇՊԱԿ-ի համակարգող Գայանե Գևորգյանը:

Նրա փոխանցմամբ` դեռևս 10.06.1999թ. ՀՀ կառավարության թիվ 432 որոշման համաձայն` բնակարանների բաշխումը կատարվում էր համայնքի ղեկավարի կողմից կազմված հերթացուցակի համաձայն: Հետագայում 21.11.2002թ. ՀՀ կառավարության թիվ 1935-Ն որոշմամբ` բնակարանների բաշխման գործընթացը հանձնվեց Շիրակի մարզպետարանին: Այնուհետև, 13.11.2008թ. ՀՀ կառավարության թիվ 1337-Ն որոշման համաձայն, բնակարանների բաշխման իրավունքը վերապահվեց ՀՀ քաղաքաշինության նախարարին` իր կողմից ստեղծված հանձնաժողովին:

«Այսօր Շիրակի Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնը ողողված է անօթևանների բողոքներով: 2012թ. էլ Գյումրիում կայացավ բնակարանների բաշխման գործընթաց: Մայիս-հուլիս ամիսների ընթացքում Գյումրու երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքների հերթացուցակում հաշվառված 1781 ընտանիքի բնակարան հատկացվեց: Բողոքների գերակշիռ մեծամասնությունn ուղղված է այն փաստին, որ համայնքի ղեկավարի կողմից կազմված հերթացուցակում ընդգրկված քաղաքացիները դուրս են մնում բնակարանների բաշխման գործընթացից` անհիմն պատճառաբանություններով»,- ասում է իրավաբանը:

Գայանե Գևորգյանի խոսքով` մի քանի անգամ ՀՀ քաղաքաշինության նորանշանակ նախարարն արտագնա նիստ է նշանակել Գյումրիում` մարզի առաջ ծառացած հարցերը տեղում քննարկելու համար: Այդուհանդերձ, բազամաքանակ են այն դիմումները, որոնք ուղղվում են նախարարություն` բնակարանների բաշխման հանձնաժողով:

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել