Երևան քաղաքի բնակիչ՝ քսանութամյա Կարեն Ավագյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ իր ընկերոջ՝ Դավիթի և մեկ այլ անձի հետ սեռական հարաբերություններ է ունեցել Աննա Վարդանյանի հետ՝ նրա կամքին հակառակ:
Ըստ դատավճռով ապացուցված փաստերի՝ Կարեն Ավագյանը Երևանի Դավիթաշեն թաղամասում պատահական հանդիպել է իրեն նախկինում անծանոթ` մտավոր հետամնաց Աննա Վարդանյանին, ով նրանից օգնություն է խնդրել՝ հայտնելով, որ կորել է՝ փոխանցելով եղբոր հեռախոսահամարը, որպեսզի Կարենը վերջինիս հայտնի իր գտնվելու վայրի մասին տեղեկատվությունը:
Կարեն Ավագյանը, օգտվելով Աննա Վարդանյանի վիճակից, խաբեությամբ նրան տեղափոխել է այլ վայր: Նա իր ընկերոջ՝ Դավիթի հետ, աղջկան տուն տանելու խոստումներ տալով, ինչպես նաև հոգեկան ազդեցություն գործադրելով Աննա Վարդանյանի նկատմամբ նրան տեղափոխել են Հրազդան գետի աջ ափին գտնվող հողամասերից մեկը, որտեղ Կարենը, Դավիթը և իրենց կանչով նրանց միացած` գործով չպարզված, ոմն երիտասարդ ստիպողաբար Աննա Վարդանյանին ոգելից խմիչքներ են խմեցրել, որից հետո, օգտվելով նրա անօգնական վիճակից, բռնություն գործադրելով նրա կամքին հակառակ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ են իրականացրել նրա նկատմամբ և դիմել փախուստի:
Առաջին ատյանի դատարանը Կարեն Ավագյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և պատիժ նշանակել ազատազրկում` 6 տարի ժամկետով: Ամբաստանյալի պաշտպանը վճիռը բողոքարկել է: Բողոքաբերը նշել է, որ ամբաստանյալի ծնողները մահացել են, որի պայմաններում նրա յոթ տարեկան երեխան մնացել է միայնակ մոր խնամքին: Վերաքննիչ դատարանը որոշել է բողոքը բավարարել մասնակիորեն՝ Կարեն Ավագյանին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և դատապարտել ազատազրկման 4 տարի 6 ամիս ժամկետով:
Սակայն վճռաբեկ բողոք է ներկայացրել մեղադրողը՝ խնդրելով բեկանել Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը: Վճռաբեկ դատարանը բողոքը բավարարել է և ամբաստանյալի նկատմամբ կիրառվել է առաջին ատյանի դատարանի դատավճիռը:
Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ: