Հաճախ է պատահում, որ օրինական ուժի մեջ մտած և արդեն իսկ կատարված դատական ակտը բեկանվում է: Օրինակ` դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով կադաստրում գրանցվել է տվյալ անձի սեփականության իրավունքը և այդ իրավունքը հաստատող դատական ակտը բեկանվում է:
«Համաձայն Դատական ակտերի հարկադիր կատարման մասին ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի`եթե ի կատար ածված վճիռը բեկանվել է և կայացվել է հայցը լրիվ կամ մասնակի մերժելու մասին նոր վճիռ, կամ գործի վարույթը կարճվել է, կամ հայցը թողնվել է առանց քննության, ապա դատարանը կայացնում է դատական ակտ` գույքը պարտապանին լրիվ կամ մասնակի վերադարձնելու մասին` նոր դատական ակտին համապատասխան: Իսկ եթե ի կատար չածված դատական ակտը բեկանվել է և կայացվել է հայցը լրիվ կամ մասնակի մերժելու մասին նոր դատական ակտ, կամ գործի վարույթը կարճվել է, կամ հայցը լրիվ կամ մասնակի թողնվել է առանց քննության, ապա դատարանը կայացնում է դատական ակտ` բեկանված դատական ակտով լրիվ կամ մասնակի բռնագանձումը դադարեցնելու մասին»,-iravaban.net-ին հայտնում է ՀԵԻԱ անդամ, փաստաբան Անահիտ Հակոբյանը:
Նրա փոխանցմամբ` նույն օրենքի 27-րդ հոդվածն ամրագրում է, որ վճռի կատարման շրջադարձի հարցը լուծում է նոր դատական ակտ կայացրած դատարանը:
Դատարանը վճռի կատարման շրջադարձի մասին դիմումը քննում է այն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում: