Հայկական դրամից բացի ցանկացած այլ երկրի դրամական արժույթով գնի նշումը խախտում է համարվում

Հայաստանի տարածքում ապրանքների (գույքի) իրացման, ծառայությունների մատուցման, աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարների վճարումների, գույքի գնահատման և աշխատանքների կատարման, գույքի օգտագործման դրամական (փողային) գնանշումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության դրամով` բացառությամբ  օրենքով նախատեսված դեպքերի: Այս նորմատիվ ակտը սահմանված է «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով:

Գյումրի ՇՊԱԿ-ի համակարգող Գայանե Գևորգյանի խոսքով` գնանշման կանոնները խախտած անձի նկատմամբ կիրառվում են «Վաչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 165-րդ հոդվածով սահմանված կանոնները. «Նման դեպքերում առաջացնում  է տուգանքի նշանակում` խախտման գումարի չափով, բայց ոչ պակաս, քան նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով, ընդ որում` յուրաքանչյուր պահանջի մի քանի խախտումներ թույլ տալու դեպքում յուրաքանչյուր խախտում համարվում է մեկ խախտում»:

Իրավաբանի փոխանցմամբ` գնանշում է համարվում ցանկացած ապրանքի (գույքի), ծառայության, գույքի օգտագործման, աշխատանքի կատարման կամ աշխատավարձի և (կամ) դրան հավասարեցված վճարումների գնի, արժեքի կամ վարձատրության չափի հայտարարումը, ամրագրումը, սահմանումը կամ որևէ ձևով այլ անձանց հայտնելը:

«Այստեղ հարկ է նկատի ունենալ, որ խախտում է համարվում հայկական դրամից բացի ցանկացած այլ երկրի դրամական արժույթով գնի նշումը, իսկ խախտման գումար ասելով պետք է հասկանալ պայմանագրում արտարժույթով նշված գումարի չափը: Եթե այդ գումարը պակաս է 2 միլիոն ՀՀ դրամից, ապա տուգանքը կազմում է 2 միլիոն ՀՀ դրամ»,- ասում է Գայանե Գևորգյանը:

Նույն խախտումը վարչական տույժ նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում այդ չափը կազմում է նվազագույնը 4 միլիոն ՀՀ դրամ:

 

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել