Երեւանի ՇՊԱԿ-ը շարունակում է քաղաքացիներից դիմում-բողոքներ ստանալ կադաստրի աշխատանքի հետ կապված

Երեւանի Շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոնն այսօր քաղաքացի Տ. Հարությունյանից դիմում է ստացել, ով դժգոհել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստի պետական կոմիտեի աշխատանքից եւ խնդրել օգնել հայցադիմում կազմելու հարցում, որը ցանկանում է ներկայացնել ՀՀ վարչական դատարան: Այս մասին «Իրավաբան.նեթ»-ին տեղեկացնում է Երեւանի ՇՊԱԿ-ի իրավախորհրդատու Զարուհի Հարությունյանը:
Երեւանի ՇՊԱԿ-ի ղեկավար Մարատ Ատովմյանի խոսքով` վերջերս հրավիրված ասուլիսի ժամանակ ինքը, պատասխանելով լրագրողի հարցին, թե ո˚ր պետական մարմիններից են շատ բողոքներ լինում, նշել է, որ քաղաքացիները հաճախ բողոքում են Երեւանի քաղաքապետարանից, ոստիկանությունից` այդ թվում անձնագրային վարչությունից, նախաքննության և հետաքննության մարմիններից, սոցիալական ապահովության մարմիններից, կադաստրից:
«2011 թվականի օգոստոսից մինչեւ 2012 թվականի հունիսը ներառյալ ՇՊԱԿ ստացված 1580 դիմումները եղել են ամենատարբեր հարցերի շուրջ` քաղաքացիաիրավական, վարչաիրավական, կենցաղային բնույթի եւ այլն: Այդ ժամանակահատվածում Անշարժ գույքի կադաստի պետական կոմիտեի տարբեր ստորաբաժանումներ (այդ թվում նաեւ մարզային) ՇՊԱԿ-ի կողմից գրավոր հղվել է թվով 16 գրություններ: Սակայն սա կադաստրի հետ կապված խնդիրներով ՇՊԱԿ դիմողների վերջնական թիվը չէ, քանի որ երբեմն տարբեր օբյեկտիվ պատճառներով նպատակահարմար չենք համարել քաղաքացու դիմումը վերահասցեագրել կադաստր,- «Իրավաբան.նեթ»-ի հետ զրույցում նշեց Մարատ Ատովմյանն ու հավելեց, որ այս կամ այն պետական մարմնի հետ կապված դիմումների քանակը պետք է դիտարկել ոչ թե առհասարակ ՇՊԱԿ դիմած քաղաքացիների թվի համեմատ, այլ դրանց զանգվածում պետական մարմինների դեմ ուղղված դիմումների քանակի համեմատությամբ, այն է՝ թե այդ դիմումների որքա˚ն տոկոսն է վերաբերում պետական մարմինների աշխատանքին»:
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստի պետական կոմիտեն այսօր իր պաշտոնական կայքում արձագանքել է նշված մամլո ասուլիսին: https://www.cadastre.am/storage/files/news/news_4432998370_SHPAK.pdf
«Հարկ եմ համարում նշել, որ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակված այն միտքը, որ «11 գործով քաղաքացիների ներկայացված պահանջները չեն համապատասխանում ՀՀ գործող օրենսդրության պահանջներին» իրավաբանորեն ճիշտ չէ: Այս առումով անհասկանալի է, թե կադաստրին, որը զուտ որպես անշարժ գույքի նկատմամբ իրավունքները գրանցող մարմին է, քաղաքացիների կողմից ինչ պահանջներ պետք է ներկայացված լինեն, որոնք չեն բխում իր գործառույթներից և չեն համապատասխանում օրենսդրության պահանջներին:
Ավելին, եթե անգամ ընդունենք, որ կադաստրի պետական կոմիտեն ի նկատի է ունեցել, որ քաղաքացիների ներկայացված փաստաթղթերն ամբողջական չեն եղել կամ չեն համապատասխանել օրենսդրությամբ սահմանված պահանջներին, ապա այս պարագայում էլ հարկ ենք համարում նշել, որ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ի կողմից չի նշվել, թե նշված 11 գործերով ներկայացված որ փաստաթղթերը օրենսդրության որ պահանջներին չեն համապատասխանել և չի ներկայացվել իրենց պնդումը հիմնավորող պաշտոնական պատասխանը` համապատասխան հիմնավորումներով, ինչպիսի հանգամանքներում հնարավոր չէ կատարել եզրակացություն կադաստրի պետական կոմիտեի հայտարարված դիրքորոշման իրավացիության վերաբերյալ»,- ասաց Մարատ Ատովմյանը:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել