Հայաստանի` ԵՏՄ-ին միանալու կապակցությամբ նոր ընթացակարգեր են գործում նաև ֆինանսների նախարարության ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատանը: Այդ մասին Իրավաբան.net-ին տեղեկացնում են ՀՀ մաքսային ծառայությունից:
Փոփոխություններ են կատարվել «ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով անձնական օգտագործման ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների իրականացման կարգում:
Միևնույն ավտոմեքենայի բազմակի ժամանակավոր ներմուծման դեպքում (այդ թվում՝ տարբեր անձանց կողմից) ժամանակավոր ներմուծման ընդհանուր ժամկետը չի կարող գերազանցել երկու տարին: Ժամանակավոր ներմուծում ընթացակարգով անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները բաց են թողնվում մաքսատուրքի, ԱԱՀ-ի վճարումից ազատմամբ, եթե հաշվառված են որևէ օտարերկրյա (ոչ ԵՏՄ) պետության տարածքում և ՀՀ տարածք են ներմուծվում՝ ԵՏՄ անդամ պետությունների ֆիզիկական անձի կողմից ոչ ավելի քան վեց ամիս ժամկետով՝ մաքսատուրքի, ԱԱՀ-ի վճարման ապահովում ներկայացնելու դեպքում, ինչպես նաև oտարերկրյա պետությունների ֆիզիկական անձի կողմից ՀՀ-ում գտնվելու ժամկետի շրջանակներում, սակայն ոչ ավելի քան 1 տարի ժամկետով: Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ անդամակցությունից հետո ԵՏՄ անդամ չհանդիսացող պետություններում գրանցված ավտոմեքենաները ՀՀ ֆիզիկական անձանց կողմից կարող են ժամանակավոր ներմուծվել Հայաստանի Հանրապետություն 6 ամիսը չգերազանցող ժամկետով՝ ներկա պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքով սահմանված՝ մեկ տարվա ընթացքում ընդամենը երկու անգամ` տասնհինգ օրը չգերազանցող ժամկետի փոխարեն:
Ի դեպ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵՏՄ-ում կիրառվող դրուքաչափերը մեր երկրում կիրառվող դրույքաչափերից ավելի բարձր են, մի շարք զգայուն ապրանքների, այդ թվում տրանսպորտային միջոցների համար սահմանվել է անցումային ժամանակաշրջան, ինչը նշանակում է, որ այդ 5 տարիների ընթացքում ոչ ԵՏՄ երկրներից ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող ավտոմեքենաների մասով կիրառվելու են ներկայում կիրառվող մաքսատուրքի դրույքաչափերը:
Հայաստանի` ԵՏՄ-ին միանալու կապակցությամբ մյուս նոր ընթացակարգերին կարող եք ծանոթանալ այստեղ: