Քրեակատարողական ուղղիչ հիմնարկի տեսակներն են` բաց ուղղիչ, կիսաբաց ուղղիչ, կիսափակ ուղղիչ, փակ ուղղիչ, բուժական ուղղիչ:
«ՇՊԱԿ-ների ազգային ցանցի զրագացում» ծրագրի փաստաբան Կարեն Հովհաննիսյանի փոխանցմամբ` ուղղիչ հիմնարկի տեսակը որոշում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության տեղաբաշխման հանձնաժողովը, որի կազմը որոշում է ՀՀ արդարադատության նախարարը` հետևյալ կարգով.
- անզգուշությամբ կատարած հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտվելու դեպքում՝ բաց ուղղիչ հիմնարկ,
- դիտավորյալ ոչ մեծ, միջին ծանրության կամ ծանր հանցագործության համար առաջին անգամ որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտվելու դեպքում՝ կիսաբաց ուղղիչ հիմնարկ,
- առանձնապես ծանր հանցագործության համար տասը տարուց պակաս ժամկետով առաջին անգամ դատապարտվելու կամ ռեցիդիվի կամ վտանգավոր ռեցիդիվի դեպքում՝ կիսափակ ուղղիչ հիմնարկ,
- առանձնապես ծանր հանցագործության համար տասը տարուց ավելի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտվելու, ինչպես նաև առանձնապես վտանգավոր ռեցիդիվի դեպքում՝ փակ ուղղիչ հիմնարկ,
- որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտվելու և բուժսանիտարական ու բուժկանխարգելիչ համապատասխան օգնություն կազմակերպելու անհրաժեշտության դեպքում՝ բուժական ուղղիչ հիմնարկ:
Միևնույն ժամանակ ուղղիչ հիմնարկում իրարից պետք է անջատ պահվեն.
- տղամարդիկ՝ կանանցից,
- անչափահասները՝ չափահասներից, բացառությամբ սույն օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերի,
- առաջին անգամ ազատազրկման դատապարտված անձինք, բացի առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտված անձանցից՝ նախկինում ազատազրկման ձևով պատիժ կրած դատապարտյալներից,
- դատարանների, իրավապահ, մաքսային և հարկային մարմինների աշխատող կամ նախկին աշխատող, պարտադիր կամ պայմանագրային զինվորական ծառայության սպայական կազմի զինծառայող կամ նախկին զինծառայող, ինչպես նաև ոստիկանության զինծառայող կամ նախկին զինծառայող դատապարտյալը՝ մյուս դատապարտյալներից,
- շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություններով տառապող դատապարտյալը՝ մյուս դատապարտյալներից,
- դատապարտյալը, որի կյանքին կամ առողջությանը վտանգ է սպառնում, մյուս դատապարտյալներից՝ ուղղիչ հիմնարկի վարչակազմի որոշմամբ,
- անզգուշությամբ կատարված հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված անձինք՝ դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատապարտված անձանցից,
- ցմահ ազատազրկման դատապարտված անձինք՝ որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված անձանցից: