Երեւան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել մարդկանց շահագործելու, այն է` օրգաններ` երիկամ, վերցնելու համար Ս. Հովսեփյանին առաջադրված մեղադրանքները եւ դատապարտել երկարատեւ ազատազրկման:
ՀՀ արդարադատության նախարարության փոխանցմամբ` դատարանում հետազոտված եւ հիմնավոր համարված ապացույցների համաձայն` քաղաքացի Ս. Հովսեփյանը նախնական համաձայնություն է ձեռք բերել` արտերկրում բնակվող, քննությամբ դեռեւս ինքնությունը չպարզված ոմն Ալեքսի, Ալբերտի եւ Բագդանի հետ` մարդկանց շահագործելու, այն է` օրգաններ` երիկամ, վերցնելու նպատակով մարդկանց հավաքագրելու, նրանց տեղափոխումը կազմակերպելու եւ յուրաքանչյուր անձի դիմաց 2 հազարական ԱՄՆ դոլար գումար վարձատրություն ստանալու վերաբերյալ:
Այդ նպատակով Ս. Հովսեփյանը այցելել է հայաստանյան բուժհաստատություններ եւ համացանցում տեղադրել հայտարարություններ: Մարդկանց վիճակի խոցելիությունն օգտագործելու միջոցով Ս. Հովսեփյանը հավաքագրել է թվով 6 անձանց, հոգացել նրանց բժշկական հետազոտության, տեղափոխման ծախսերը եւ երիկամի դիմաց խոստացել 10 հազարական ԱՄՆ դոլար գումար վարձատրություն: Արդյունքում` նրան հաջողվել է հիշյալ 6 անձանցից 4-ի տեղափոխումը Շրի Լանկայի Հանրապետություն, որոնցից 3-ն այնտեղ ենթարկվել են վիրահատության եւ վերցվել է նրանց երիկամը:
Երեւան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 2012թ. հուլիսի 31-ի դատավճռով Ս. Հովսեփյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 6-րդ կետերով եւ դատապարտվել 8 տարվա ազատազրկման` գույքի բռնագրավմամբ:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: