ՀՀ կառավարության նիստում քննարկվել է մի օրինագիծ, որով նախատեսվում է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում կատարել լրացում, համաձայն որի պետական կառավարման մարմինները, ինչպես նաև Երևանի, Գյումրի և Վանաձորի տեղական ինքնակառավարման մարմինները պետք է ունենան ինտերնետային կայք էջ, որտեղ պետք է տեղադրեն տեղեկություններ կապված հանրության համար իրականացվող (իրականացվելիք) աշխատանքների և ծառայությունների, բյուջեի, գրավոր հարցումների ձևերի և դրանք լրացնելու վերաբերյալ խորհրդատվական ցուցումների, հաստիքացուցակների, պաշտոնատար անձանց անուն-ազգանունների, կրթության, մասնագիտության, պաշտոնի, աշխատանքային հեռախոսահամարների, էլեկտրոնային փոստի հասցեների, աշխատանքի ընդունման կարգի, թափուր աշխատատեղերի, շրջակա միջավայրի վրա ներգործության, հասարակական միջոցառումների ծրագրի, քաղաքացիների ընդունելության կարգի, օրվա, ժամի և վայրի, աշխատանքի և ծառայությունների բնագավառում գնագոյացման կարգի, գների (սակագների), տնօրինվող տեղեկությունների ցանկի և դրանց տնօրինման կարգի, ստացված հարցումների վերաբերյալ վիճակագրական և ամփոփ տվյալների, այդ թվում մերժման հիմքերի, տեղեկությունների մշակման կամ ստացման աղբյուրների, տեղեկությունները պարզաբանելու իրավասություն ունեցող անձի տվյալների վերաբերյալ, ինչպես նաև ինչպես նաեւ բյուջետային եւ արտաբյուջետային միջոցների մուտքերի եւ կատարված ծախսերի վերաբերյալ տեղեկություններ` ըստ ուղղությունների: Բյուջետային եւ արտաբյուջետային միջոցների մուտքերի եւ կատարված ծախսերի վերաբերյալ տեղեկությունները` ըստ ուղղությունների հրապարակելու պարտականությունը չի տարածվելու ՀՀ ազգային անվտանգության, ոստիկանության գործառույթներ իրականացնող պետական կառավարման մարմնի և ՀՀ պաշտպանության նախարարության վրա:
Նշվածը խորապես կնպաստի նշված մարմինների գործունեության թափանցիկության բարձրացմանը և կդյուրինացնի նշված մարմինների գործունեության նկատմամբ հասարակական վերահսկողության հնարավորությունը: Միևնույն ժամանակ հարկ է նկատել, որ անհասկանալի է և իմ կարծիքով իրավաբանորեն սխալ «ոստիկանության գործառույթներ իրականացնող պետական կառավարման մարմին» արտահայտությունը, քանի որ պարզ չէ, թե ոստիկանության որ գործառույթները կարող են իրականացնել այլ մարմինները, ինչ կարգով, որ իրավական ակտի շրջանակներում և արդյոք դա իրավախախտում չի հանդիսանա: