Հայաստանի ոստիկանությունը վերաորակավորել եւ խստացրել է «Հարսնաքար» ռեստորանային համալիրում զինվորական բժիշկներին ծեծի ենթարկելու գործով կալանավորված անձանց առաջադրված մեղադրանքները:
Հուլիսի 31-ին ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը նախկինում առաջադրված մեկ մեղադրանքի փոխարեն երեք մեղադրանք է առաջադրել: Նախկինում կալանավորված անձանց մեղադրում էին միայն Քր.օր.-ի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 6-րդ կետերով:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նոր մեղադրանքով նրանք մեղադրվում են 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ եւ 14-րդ կետերով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը , որը կատարվել է մի խումբ անձանց, կազմակերպված խմբի կողմից եւ անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը), եւ 118-րդ հոդվածով (Ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը):
Վերաորակված մեղադրանքն առաջադրվել է բոլոր վեց կալանավորվածներին:
Հիեցնենք, որ հունիսի 17-ին, ժամը 23-ի սահմաններում ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծի էին ենթարկվել ռազմական բժիշկներ, որոնցից մեկը` ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը, հունիսի 29-ին հիվանդանոցում մահացել էր: